Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանն ազատ է արձակվել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ կապված միջադեպի գործով ձերբակալված, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Սիմոնյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը՝ նշելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի անդամ Սիմոնյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և քաղաքացիների միջև Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ էր հարուցվել։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ձվեր են նետել  պատգամավորների ուղղությամբ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիները Սիսակ Գաբրիելյանի մեքենայի դիմացը փակել, երևում է նաև, որ Գաբրիելյանը բարկացած դուրս է գալիս մեքենայից, ու սկսվում է հրմշտոց, որի ընթացքում հնչում են փոխադարձ հայհոյանքներ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երևում է գետնին պառկած վիճակում։ Գաբրիելյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով միջադեպի մասին, ասել է, թե ակցիայի 3-4 մասնակիցներ ծաղրական ու խուլիգանական արտահայտություններ են արել, հարվածել իր մեքենային։ Անդրադառնալով գետնին ընկած քաղաքացուն՝ Գաբրիելյանը նշել է, որ գուցե այդ հատվածը սառած է եղել, ու այդ քաղաքացին ընկել է, ինքը չի կարող ասել, քանի որ խափնաշփոթ է եղել, քաղաքացիները եղել են 10-15 հոգով, իսկ ինքը՝ միայնակ։

Միջադեպից հետո 15 անձ բերման է ենթարվել ոստիկանություն, քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, և հարուցված գործի շրջանակներում Աշոտ Սիմոնյանը ձերբակալվել է։

Պաշտպանները երեկ երեկոյան են Սիմոնյանի ձերբակալման դեմ բողոքը մուտքագրել դատարան, և այն մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին, որը, փաստորեն, այսօր քննել ու ոչ իրավաչափ է ճանաչել Սիմոնյանի ձերբակալման որոշումը։

Գայանե Պապոյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Սիմոնյանին այս պահին քրեական գործով ներգրա՞վվել են որպես մեղադրյալ, ինչին ի պատասխան պաշտպանը նշեց, որ իրենց նման տեղեկություն հայտնի չէ, պաշտպանական կողմը որևէ քննչական գործողության մասնակցելու չեն կանչել։

Պապոյանը նաև նշեց, որ ձերբակալման դեմ բողոքի քննությանը ներկայացել են դատախազն ու հետաքննիչը և հայտարարել, որ քրեական գործ հարուցելու համար հիմք է եղել միջադեպի վերաբերյալ տեսանյութը։ Պաշտպանը նշեց, որ իրենք բարձրաձայնել են այն մասին, որ նույն տեսանյութում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարում է նաև Սիսակ Գաբրիելյանն ու հարցրել, թե ինչ գործողություններ են կատարվել վերջինիս մասով, որին պատասխան չեն ստացել։

Քաղաքականություն