
Մի շարք երկրներ՝ այդ թվում ՌԴ-ն, դադարեցնում են Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունըդեկտեմբերի 22-ի ժամը 0.00-ից, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
«Նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումը և տարածումը թույլ չտալու համար օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին ՝ կապված համաճարակաբանական իրադրության վատթարացման հետ: Սահմանափակումները ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 22 -ի ժամը 0:00-ից և գործելու են մեկ շաբաթվա ընթացքում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդներում, Դանիայում և Ավստրալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում:
Կորոնավիրուսի հարցերով Իսրայելի կառավարական հանձնաժողովը կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով որոշել է փակել երկինքը Մեծ Բրիտանիայից, Դանիայից և ՀԱՀ-ից Իսրայել չվերթների համար:
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել Մեծ Բրիտանիայից չվերթների ընդունումը, հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար-պատվիրակ Ժան Բատիստ Ջեբարին:
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հաստատել է, որ Գերմանիան կեսգիշերից դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը, երկուշաբթի օրվանից սահմանափակումներ են մտցվում ՀԱՀ-ի համար:
Մի քանի եվրոպական երկրներ որոշել են դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը, երբ այնտեղ կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոնդոնի բնակիչները նոր սահմանափակումներից հետո զանգվածաբար լքում են քաղաքը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որը հայտնաբերվել է երկրում, կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, և բնակչությունից ավելի մեծ զգուշություն է պահանջում:
Շաբաթ օրը վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքի տարածաշրջաններում նոր սահմանափակումներ մտցնելու մասին, որոնք, նրա խոսքերով, ըստ էության, նշանակում են լոքդաուն: Միջոցառումների խստացման մասին Անգլիայից հետո հայտարարել են նաև Շոտլանդիայի և Ուելսի իշխանությունները: