Պատերազմում զոհված Հայկ Մուսայելյանի մահվան վկայականը չեն տալիս. Tert. am

Ես ազատամարտիկ տղա եմ, չեմ պատկերացրել, որ նման խնդիրներ կարող են լինել, որ մեր պետությունը մեզ մի կտոր հողի էլ չի արժանացնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի բնակիչ Շամշադ Մուսայելյանը, որի եղբայրը զոհվել է պատերազմում, սակայն հիմա եղբոր համար մահվան վկայական չեն տալիս:

Շամշադ Մուսայելյանը լրատվականին պատմել է, որ իրենք Չարենցավանից են, 1994 թվականին ընտանիքով տեղափոխվել են Արցախ, բնակվել` Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում: «Արդեն 27 տարի է` այնտեղ էինք ապրում: 2016 թվականի մարտական գործողություններին եմ մասնակցել, կամավոր ջոկատի հրամանատար եմ եղել, 2020 թվականին նույն ձև ջոկատ եմ կազմել, սեպտեմբերի 27-ի կեսօրին գնացել ենք Բերձոր, որտեղ մեզ բացատրեցին, որ 16 թվականի կռվի նման չէ, պետք է միավորվենք բանակի հետ: Մեր ջոկատն առանձնացավ, զինկոմիսարիատից գնացինք Ջաբրայիլ, իմ ջոկատի տղեքի կեսը մնաց Ջաբրայիլում, երեքիս բարձրացրին Արալեռ, առանձին զորամաս»,- պատմեց մեր զրուցակիցը:

 

Նա նշել է, որ եղբոր՝ Հայկ Մուսայելյանի հետ են բարձրացել Արալեռ: «Հոկտեմբերի 4-ին կեսօրին ԱԹՍ-ի արկից եղբայրս զոհվել է, ես վիրավորվել եմ, եղբորս իջեցրի Հադրութի հիվանդանոց, որտեղից ինձ շտապօգնության մեքենայով ուղարկեցին Ստեփանակերտ, որ ստուգվեմ, լուրջ բան չկար, սալջարդ էր ոտքի, ես իրենց բացատրեցի, որ չեմ մնալու հիվանդանոցում, պետք է բարձրանամ դիրքեր: Ամսի 4-ի երեկոյան արդեն եղբորս բերել էին Ստեփանակերտ, Ստեփանակերտից փակ դագաղով տարել էին մեր տուն՝ պետական կարգով, շտապօգնության մեքենայով»:

 

Շամշադ Մուսայելյանը լրատվամիջոցին հայտնել է, որ ծնողները տարիքով մեծ են՝ 70-ն անց մարդիկ, առողջական խնդիրներ ունեն: «Ծնողներս խնդրեցին, որ եղբորս Չարենցավանում հուղարկավորենք: Այդպես բերեցին, հուղարկավորել ենք ամսի 7-ին, Չարենցավանի գերեզմանատանը, ու ես հետ եմ դարձել Արցախ՝ մտածելով, որ եղբորս մահվան վկայականը պետք է տան: Մինչև ամսի 30-ը ինքնապաշտպանությունում մնացել ենք փոքր եղբորս հետ, էլի մեր ջոկատի տղաներով զենք ենք ստացել, մտել ինքնապաշտպանության, ամսի 30-ին եկել եմ ու դարձել է մեծ խնդիր, ծնողներիս գցել են դռնեդուռ, գնա թուղթ բեր, մահվան վկայականը և այլն: Քաղաքապետարանն ասում է՝ պետք է մահվան վկայական լինի, օրենքի դաշտ մտցվի, այդ հողակտորը, որտեղ հուղարկավորել ենք եղբորս, հետո ինչ-որ դրամ են տալու, այդ թղթերը պետք են»,- տեղեկացրել է նա:

 

Մուսայելյանը պատմեց, որ նորից իր միջոցներով գնացել է Արցախ, Քաշաթաղի զինկոմիսարիատ, իրավիճակը ներկայացրել է, իրենք գիտեն, որ այսպես է: «700 հազար դրամ կա ինչ-որ, տալիս են զոհվածի ծնողներին, դա հայրս ստացել է նույնիսկ, իսկ մահվան վկայականը դարձել է խնդիր: Զինկոմիսարիատից ասում են՝ գնացեք Ստեփանակերտ, գնում ենք Ստեփանակերտ, Ստեփանակերտի դիահերձարանի բժիշկն ասում է՝ քո եղբորը չեմ հերձել, չեմ էլ տեսել քո եղբորը: Ես, իմ վիշտը թողած, բացատրում եմ՝ բժիշկ ջան, դու իմ եղբորը ինչպե՞ս կարող էիր հերձել, եթե թուրքի ԱԹՍ-ի արկն արդեն հերձել է…»,- նշել է նա:

 

Ազատամարտիկի խոսքով՝ իրեն նորից այդտեղից ուղարկել են զինկոմիսարիատ, որտեղից նույն պատասխանն են տվել: «Բոլոր կառույցների հետ խոսում եմ, բոլորը մերժում են, ուղարկում դիահերձարան, իսկ այնտեղ էլ ասում են՝ ոնց թուղթ տամ, քո եղբորը ոչ տեսել եմ, ոչ ձեռք եմ տվել, այսպիսի աբսուրդ իրավիճակի մեջ ենք հայտնվել: Ես ազատամարտիկ տղա եմ, չեմ էլ պատկերացրել, որ մեր պետությունը մեզ հողի էլ չի արժանացնի, դրա համար չեմ իմացել, որ նման խնդիրներ կան, հիմա էլ նոր ենք դիրքերից իջել, արդեն երրորդ օրն է, որ  ընտանիքիս տեսնում եմ»,- պատմեկ է լրատվամիջոցի զրուցակիցը:

Շամշադ Մուսայելյանը վերջում հավելեց՝ մենք մեր Տանձուտը չենք թողել, մենք մեր հողերը չենք թողել, մեզ ուղղակի վռնդել են:

Քաղաքականություն

Պատահարներ