Ձերբակալվել է HiPP մանկական սննդից թունավորման գործով կասկածյալը
Ավստրիայում մայիսի 2-ի առավոտյան ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, ում կասկածում են HiPP ապրանքանիշի մանկական սնունդը առնետի թույնով թունավորելու համար։ Այս մասին տեղեկացրել է OE24 պորտալը։ Նրա դեմ հետաքննություն է սկսվել հասարակական անվտանգությանը սպառնալիք ստեղծելու, ինչպես նաև առողջությանը ծանր վնաս պատճառելու փորձի հոդվածներով։
Քննչական աշխատանքները ղեկավարում է Այզենշտադի դատախազությունը։ Գործողությանը մասնակցել են Դաշնային քրեական վարչության և Բուրգենլանդի երկրամասային քրեական վարչության ներկայացուցիչները։ Քննության շահերից ելնելով՝ ձերբակալվածի ինքնությունն ու գործողության մանրամասները դեռևս չեն հանրայնացվում։
Ըստ քննության տվյալների՝ ապրիլի 18-ին Այզենշտադի խանութներից մեկում հայտնաբերվել է պյուրեի ապակյա տարա, որի մեջ եղել է շուրջ 15 միկրոգրամ առնետի թույն։ Ներկայումս մասնագետները պարզում են այդ արտադրանքի հնարավոր ազդեցությունը առողջության վրա։
Պորտալի փոխանցմամբ՝ կասկածյալն ավելի վաղ փրկագին ստանալու նպատակով նամակ էր հղել արտադրողին։ Դրանից հետո ընկերությունը հետ էր կանչել գազարով և կարտոֆիլով բանջարեղենային պյուրեի խմբաքանակը, որը վաճառվում էր նաև Սպար սուպերմարկետներում։ Ոստիկանները շարունակում են որոնել հնարավոր երկրորդ թունավորված փաթեթը։ Հետաքննությունը ստացել է միջազգային բնույթ, քանի որ ոչ ստանդարտ մակնշմամբ ապրանքներ են գտնվել նաև Սլովակիայում և Չեխիայում։