
Տեսանյութերից կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերու. Արտակ Բեգլարյան

Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:
Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:
Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ:
Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»,- գրել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր է տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացի: