Հասարակություն

Շաքե Իսայանը անդրադարձել է իմքայլական գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի գրառմանը

WRed
Շաքե Իսայանը անդրադարձել է իմքայլական գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի գրառմանը

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իմքայլական գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի գրառմանը։ 

Նա մասնավորապես գրել է․ 

«Կարդացի Սոֆյա Հովսեփյան-ի գրառումը՝ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի աշխատանքների մասով:

Տիկի՛ն Սոֆյա Հովսեփյան, եթե դեռ չեք նկատել, ապա ասեմ, որ պետական ապարատն ամբողջությամբ պարալիզացված է, քանի որ այն Վարչապետը, որի թիմի մասն եք կազմում, ի դեպ, նաև Դուք, կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ է ստորագրել: Եվ կազմակերպչական ապաշնորհ ղեկավարմամբ աչքի ընկած պաշտոնյաները այս օրերին վերջնականապես տապալեցին իրենց վստահված ոլորտները՝ վկան Քարվաճառից, Մարտակերտից, Մարտունիից և այլ բնակավայրերից սպոնտան, իրենք իրենց ցավի հետ բացարձակ մենակ մնացած մարդկանց գաղթն էր: Հուսամ՝ թշնամուն հանձնվող բնակավայրերի ցանկին ծանոթացել եք: Դե իսկ Շուշին ուղղակի հանձնելու մասին աշխարհն է խոսում: Սա այսպես՝ միջանկյալ: Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»:

Ինչ վերաբերում է հանձնաժողովին. Դուք որտեղի՞ց կարող եք իմանալ, թե այս օրերին հանձնաժողովը, ինչպես նաև հանձնաժողովի անհատ-պատգամավորները՝ այդ թվում կարծում եմ նաև ձեր իսկ թիմակիցները, ինչ աշխատանք են կատարել և կատարում: Որտեղի՞ց կարող եք իմանալ, թե ինչ կառույցների հետ է կապ հաստատվել, ինչ գրություններ են ուղղվել, ինչ այցեր են կատարվել: Եթե աշխատելու չափիչը ձեզ համար ֆեյսբուքում կատարվող փոսթերն են, ապա հիշեցնեմ, որ այդ գործելաոճի պատճառով մենք Հայրենիք կորցրեցինք: Պոպուլիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է...

Հ. Գ. 1. Իսկ առհասարակ, թիմի քաղաքական պատասխանատվությունը Հայրենիքին հասված անդառնալի վնասի համար կիսելը արտահայտվում է կոնկրետ գործողությամբ՝ ինչպես գյումրեցու թասիբով դա արեց Գայանե Աբրահամյանը:

Հ. Գ. 2. Ցանկացած վիրավորական արտահայտություն հեռացվելու է»:

 

Հիշեցնենք,  որ ավելի վաղ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում դժգոհում էր մասնավորապես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեությունից։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250