Քաղաքականություն

Դդմաշենից մինչև Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի, իսկ սահմանին՝ փոխակերպիչ կայան. Հակոբ Վարդանյան

WRed 276 դիտում
Դդմաշենից մինչև Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի, իսկ սահմանին՝ փոխակերպիչ կայան. Հակոբ Վարդանյան

ԱԺ-ն 72 կողմ ձայնով հավանության արժանացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է Հայաստան-Վրաստան էլեկտրական զուգահեռ կապի վարկային համաձայնագրի 75 միլիոն եվրո արժողությամբ մեկ վարկային կտորին:

«Վարկային համաձայնագրով նախատեսված է կառուցել Դդմաշենից մինչև Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ: Դդմաշենում՝ ենթակայան՝ 400-220 կ/վոլտ լարման և Այրումում՝ Հայաստան-Վրաստան սահմանին փոխակերպիչ կայան, որը հնարավորություն կտա Հայաստանի էներգահամակարգին զուգահեռ աշխատանք ապահովել և՛ Իրանի, և՛ Վրաստանի ու Ռուսաստանի հետ միաժամանակ:

Սա նախ անվտանգային խնդիր է լուծում: Մեր համակարգն այս պահին միայն սինքրոն կապով կապված է Իրանի հետ, և հայկական ու իրանական էներգահամակարգերի միջև ցանկացած ցնցում կբերի ծանր հետևանքների: Այն նաև հնարավորություն կտա էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար»,- նշեց Վարդանյանը:

Նախարարի տեղակալը նաև հայտնեց՝ կառուցվում է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահողորդման գիծը, որի աշխատելու համար խիստ անհրաժեշտ է Դդմաշենի ենթակայանի կառուցումը, չլինելու պարագայում գիծը գործարկել հնարավոր չի լինի:

Ժամկետները խիստ են: Մինչև նոյեմբերի 30-ը ծրագրի մասհանումների ժամկետը չերկարացնելու դեպքում մոտ 16 միլիոն եվրոյի չափով տուգանք է նախատեսվում: Ծրագրի ընդհանուր արժեքն այս պահին գնահատված է 188.2 միլիոն եվրո:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից