Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին. վարչապետի հարցազրույցը մի շարք պարբերականների

Բրիտանական The Telegraph, Բելգիական European Post, ամերիկյան Foreign Policy, ավստրիական Tageblatt և իտալական Il Gеornale պարբերականների թղթակիցները Հայաստանի վարչապետին ներկայացրել են Արցախում ընթացող պատերազմի խորքային պատճառների ու դրանց հաղթահարման հնարավորությունների մասին հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից սկիզբ առած պատերազմի հեղինակը Թուրքիան է՝ զորքից բացի, մեծ թվով ահաբեկիչներ տեղափոխելով Ադրբեջան: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան խնդիր էին դրել բլիցկրիգով՝ 7-10 օրվա ընթացքում գրավել Արցախը, ինչը տեղի չունեցավ, քանի որ հայերը կռվում են իրենց իրավունքի համար:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ:

Անդրադառնալով Թուրքիայի ներգրավմանը պատերազմում՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ երկիրը այստեղ է ոչ այնքան Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերապաշտական ձգտումներն իրականացնելու համար: Հայաստանը վերջին խոչընդոտն է, որը փակում է Թուրքիայի ծավալումը: Եթե Եվրոպան Թուրքիայի այս գործողություններին համարժեք գնահատականի չտա, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում՝ ասել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյան - Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: Մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում, և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա: Եվ հստակ կա, դրա արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է: Այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն՝ չզգուշացրինք:

Ի՞նչ կարող էր անել Հայաստանի իշխանությունը՝ կանխելու այս պատերազմը: Արևմտյան լրատվամիջոցի հարցն է: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը կարող էր խոշոր զիջումների գնալ, բայց դա ևս չէր կանխի պատերազմը: Ամեն զիջումից հետո Ադրբեջանը պահանջելու էր ավելին:

Նիկոլ Փաշինյան - Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ: Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ «Ախորժակն ուտելիս է բացվում»: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին:

Մտադի՞ր է Հայաստանը դիմել Ռուսաստանին կամ այլ պետության՝ խաղաղապահ ուժեր տեղակայելու, նաև ռազմական աջակցության համար: Հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ մեր երկրի հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, որը կատարում է իր պարտավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն: Մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է Լեռնային Ղարաբաղում:

Միջազգային լրատվամիջոցների թղթակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանի քաղաքների, հատկապես՝ Գանձակի ուղղությամբ արցախյան բանակի հրթիռակոծությանը: Փաշինյանը հարցին հարցով է պատասխանել:

Նիկոլ Փաշինյան - Իսկ ինչո՞ւ է հրթիռակոծվել Ստեփանակերտը 10 օր շարունակ կամ ավելի երկար: Ինչո՞ւ են հրթիռակոծվել և ռմբակոծվել Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Շուշին: Ինչո՞ւ է հրթիռակոծվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ընդ որում, եթե մեկ արկ ընկած լիներ, մենք կարող էինք համարել, որ պատահականություն է տեղի ունեցել: Բայց երկու անգամ Շուշիի հայկական եկեղեցին ռմբակոծվել է: Ինչի՞ համար է ռմբակոծվել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը Գյանջայում ունեցել է ռազմական թիրախներ և հարվածել է ռազմական թիրախներին:

Հայաստանի վարչապետը շեշտել է, որ հրետակոծության ու հրթիռակոծության ենթարկելով Արցախի մայրաքաղաքն ու խոշոր բնակավայրերը՝ Ադրբեջանը նպատակ ունի հայաթափել դրանք, իսկ այնտեղ մնացող հայերին ցեղասպանության ենթարկել: Հայկական բանակը պաշտպանում է մեր կենսական տարածքը, իսկ որպեսզի կանխվի ադրբեջանա-թուրքական ցեղասպանական ծրագիրը, միջազգային հանրությունը պետք է ընդառաջ գնա հայկական՝ «անջատում հանուն փրկության» նախաձեռնությանը՝ Արցախի անկախությանը:

Քաղաքականություն