Թրամփը սպառնացել է Վենեսուելային՝ արտաքսված քաղաքացիներին չընդունելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի իշխանությունները պետք է ընդունեն բոլոր իրենց քաղաքացիներին, ովքեր արտաքսվել են ԱՄՆ-ից, հակառակ դեպքում սպառնացել է հետևանքներով:


Ինչպես նա գրել է Truth Social սոցիալական ցանցում, ԱՄՆ-ը ցանկանում է, որ Վենեսուելան «անհապաղ ընդունի բոլոր բանտարկյալներին և հոգեբուժարանների հիվանդներին»: Ըստ Թրամփի՝ խոսքն այն անձանց մասին է, որոնց Վենեսուելայի ղեկավարությունը «ստիպել է մեկնել ԱՄՆ»:


«Այս հրեշները լուրջ վնաս են պատճառել կամ նույնիսկ սպանել են հազարավոր մարդկանց։ Տարեք նրանց մեր երկրից, հակառակ դեպքում չափազանց բարձր գին կվճարեք»,-հավելել է Թրամփը։


Թրամփի վարչակազմը մի քանի անգամ պահանջել է Վենեսուելայի իշխանություններից ընդունել իրենց արտաքսված քաղաքացիներին և սպառնացել է նոր պատժամիջոցներով՝ մերժման դեպքում։ Սպիտակ տունը նախկինում պնդել է, որ Վենեսուելայի իշխանությունները միտումնավոր են ԱՄՆ ուղարկել Tren de Aragua միջազգային հանցավոր խմբավորման անդամներին։

Քաղաքականություն