
Խոշոր վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։13-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար Ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Ford» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: