
Ադրբեջանցիները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու այդ մասին հայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու այդ մասին հայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվեց ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել
Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են.
հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո:
Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով:
Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։
Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։