
Ժնևում ջահերով երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի

Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ժնևում, ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:
Նա հայտնեց, որ երթի մասնակիցները «Արցախ», «Հայաստան», «Հաղթելու ենք» «Ալիև ջիհադիստ», «Էրդողան մարդասպան» վանկարկելով Վիլսոնի պալատից շարժվել են դեպի Ազգերի պալատ, որտեղ գտնվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: Գասպարյանի խոսքով` երթի մասնակիցները պահանջում էին նաև ճանաչել Արցախի անկախությունը:
«Բացի դրանից, ներկա էին մի շարք շվեյցարական կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ` կանաչները, սոցիալիստները և բոլոր ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները:
Հատուկ ուզում եմ ընդգծել «Կանաչներ» կուսակցության պատվավոր նախագահ Ուելի Լոյենբերգերի ներդրումը այս ամենում, ով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից ջանք ու եռանդ չի խնայել մեզ աջակցելու հարցում»,- եզրափակեց Գասպարյանը:
Երթը կազմակերպվել է հայ-շվեյցարական միության կողմից, որին միացել էին բոլոր հայկական ասոցիացաները:
Ավելի վաղ, Ժնևի քաղաքային խորհուրդը ընդունել էր բանաձև, որով դատապարտել էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ: Փաստաթուղթը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք:
Շվեյցարական քաղաքի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հորդորում են վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ադրբեջանն առաջնորդող Ալիևներիկլանի ունեցվածքի սառեցման հարցով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։