
Նավալնիի հագուստի փորձաքննության արդյունքները պարզ են

Ռուս մասնագետները փորձաքննության են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հագուստը, որով նա եղել է հիվանդանոց տեղափոխելիս: Ըստ փորձաքննության արդյունքների՝ նրա իրերի վրա թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ТАСС. գործակալությունը:
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Նավալնիի իրերը գտնվում են իրավապահների մոտ և պետք է փորձաքննության ենթարկվեն:
Այսօր ռուս բլոգերը պահանջել էր վերադարձնել իր իրերը: Նավալնիի խոսքերով, հագուստը կարող է լինել կարևոր ապացույց, քանի որ իր մարմնի վրա թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել:
«Մինչ նախաքննական ստուգման 30 օրերը օգտագործվել են, որպեսզի թաքցնեն այդ կարևոր ապացույցները: Ես պահանջում եմ, որպեսզի իմ իրերը փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ»,- հայտարարել է ռուս ընդդիմադիր գործիչը:
Եվրոպացի մասնագետները հայտարարել էին, որ Նավալնիի մոտ հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութ: Նույն նյութը հայտնաբերվել է նաև ջրի շշում, որը Նավալնիի մտերիմները վերցրել են հյուրանոցի համարից:Իսկ ռուս բժիշկները պնդում են, որ կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում թունավոր նյութ չի հայտնաբերվել: