ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե խնամատարության մարմիններն ավելի խստապահանջ լինեին, կարող էին ավելի շուտ արձագանքել դեպքին. Մարզպետը Խաշթառակի դեպքի մասին

Խաշթառակի դեպքը վերջին շրջանի մեր ամենացավալի իրադարձություններից էր, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Խոսքը վերաբերում է  երեխաների պաշտպանության ինստիտուտին, ու այս ինստիտուտի աշխատունակությանը։ Մեր նախնական եզրակացությունները հետևյալն են՝ գործող օրենսդրությունն ու մեխանիզմները, ցավոք սրտի, լիարժեք չեն ապահովագրում մեր երեխաների ու մեր ընտանիքների անվտանգությունը, պետք է իրականացվեն փոփոխություններ»,-նշեց մարզպետը։

Նա ասաց, թե խնամատարության ինստիտուտները ոչ այնքան հետևողական են իրենց գործողությունների մեջ։

«Եթե խնամատարության մարմիններն ավելի խստապահանջ լինեին, կարող էին ավելի շուտ արձագանքել դեպքին»,-ասաց Չոբանյանն՝ ավելացնելով, որ մարզպետարանը ոչ մի անգամ որևէ ահազանգ չի ստացել բռնության դեպքի վերաբերյալ։

Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4 և 6-ամյա թոռներին: 6-ամյա երեխան մահացել էր օգոստոսի 25-ին։

Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել  կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել  հիվանդանոց:

2020թ. օգոստոսի 14-ին, 16-ին պապը պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս  թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Օգոստոսի 19-ին նույն ընտանիքի ևս 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել էր Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման էր ենթարկվել։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա Մարիաննա Հ.-ն նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել  իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և Քրեական օրենսգրքի 119րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)  2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է:

Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Օգոստոսի 8-ին մահացել է երեխաների մայրը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ