
ԵՏՀ խորհուրդը հայկական համարանիշներով ավտոմեքենաների համար լուծում է գտել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է Միության անդամ երկրների կառավարություններին ապահովել միջոցառումների համալիր, որը հնարավորություն կտա լուծելու՝ Հայաստանում և Ղրղզստանում գրանցված, սակայն Ռուսաստանի տարածքում շահագործվող տրոնսպորտային միջոցների խնդիրը, որը դեռ անցած տարվանից անհանգստացնում է ինչպես վարորդներին, այնպես էլ Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններին, գրում է Armtimes.com-ը:
«Մասնավորապես որոշվել է ընդլայնել Միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև տվյալների փոխանակման մեխանիզմը: Հայաստանն ու Ղրղզստանը, ըստ այդ մեխանզմի, պետք է տեղեկատվություն տրամադրեն վերոհիշյալ տրանսպորտային միջոցների համար սահմանված մաքսային գանձման չափի մասին և արդեն իսկ վճարված գանձումների ու հարկերի վերաբերյալ»,- հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Ըստ ԵՏՀ վերոհիշյալ որոշման, նման մոտեցումը հնարավորություն կտա սահմանափակելու մուտքը Ռուսաստանի տարածք այն տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառված են Հայաստանում կամ Ղրղզստանում և Ռուսաստան են տեղափոխվում երկարատև, անձնական շահագործման նպատակով: Տեղեկատվության փոխանակման այդ բազայի միջոցով տրանսպորտային միջոցների սեփակակատերերը, որոնք իրենց մեքենան գնել են Հայաստանում, բայց շահագործում են Ռուսաստանում, հնարավորություն կունենան ծանոթանալու մաքսային գանձման հավելյալ չափին, որը պարտավոր են վճարել ըստ ռուսական օրենսդրության: Միության անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել տրամադրել պահանջվող տվյալների բազան՝ մինչ կառավարությունները կմշակեն համապատասխան միջոցառումներ այդ հարցի հետ կապված:
Արտասահմանյան տրանսպորտային միջոցների Միության տարածք ներկրման համար ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրում գործում են մաքսային գանձման տարբեր չափեր: Հայաստանում մեքենաների մաքսազերծման համար սահմանված գումարը զգալիորեն ավելի էժան է, քան Ռուսաստանում, հետևաբար, ավտոմեքենաների ինքնարժեքն էլ ավելի ցածր է: Օրինակ, հինգ տարեկան Kia Optima-ն Հայաստանում կարելի է գնել 450 հազար ռուբլիով, իսկ Ռուսաստանում՝ 600-700 հազար: Բնականաբար, արժեքի նման տարբերությունը հանգեցրեց նրան, որ քաղաքացիները սկսեցին ձեռք բերել և հաշվառել մեքենաները Հայաստանում և տեղափոխել դրանք Ռուսաստանի տարածք՝ մշտական շահագործման նպատակով: Ըստ մոտավոր տվյալների, այս պահի դրությամբ Ռուսաստանում կա 300-400 հազար հայկական համարանիշներով մեքենա, որոնց մեծ մասի սեփականատերերը հայեր չեն կամ չունեն Հայաստանի քաղաքացիություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: