Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման թվերով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հայտնում է tert.am-ը, worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 7-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 128, մահացության ցուցանիշը՝ 304:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 15 128
2. Ռուսաստան – 7062
3. Իրան - 4618
4. Ադրբեջան – 3684
5. Թուրքիա – 3331
6. Վրաստան – 422
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 304
2. Իրան – 266
3. Ռուսաստան – 122
4. Թուրքիա –80
5. Ադրբեջան – 54
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 7-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 62, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 44 845 է, մահվան դեպքերինը՝ 1175:
Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40121, փաստացի բուժվողներինը՝ 3549 (մեկ օրում ավելացել է 27-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 15-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը: