Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամուլսարի պահնորդների և տեղի հերթապահ քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների երեկ Ամուլսարում գտնվելու հանգամանքին:
Ընկերությունը իր հայտարարությունում նշել է, որ ծեծկռտուքի նախորդ օրը ԼՀԿ պատգամավորները այցելել են Ամուլսարի տարածք և զրուցել քաղաքացիների հետ և հրապարակել այդ ամենը ապացուցող տեսակադրեր:
«Լիդիան Արմենիայի» հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Հայտնի չէ, թե ինչ են խոստացել ապօրինություն իրականացնող խմբավորման անդամներին ԱԺ պատգամավորները, բայց հենց նույն գիշերն այս խմբավորումը հարձակում է գործել։
Պատգամավորներից ոմանք արդեն երկու տարի հրապարակային խրախուսում են ապօրինությունը` դրանով անպատժելիության անուղղակի խոստում տալով հանցավոր խմբավորման անդամներին։
Թերեւս հատկանշական է, որ խմբավորման անդամները երեկ հենց պատգամավորների հետ հանդիպումից հետո գիշերը հարձակում են գործել` սպառնալով տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ Այսօր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը կասկածի տակ է դրել «Լիդիանի» պահնորդների՝ իրենց «հանդիպումը» նկարահանելու օրինականությունը»,- ասված է հայտարարությունում։
Auroranews-ը կապ հաստատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ցավում է, որ «Լիդիան Արմենիան» ներկայացնելով իրեն օրինավոր ընկերություն այսօր պահում է իրեն սադրիչի պես:
«Մեր այցերը գաղտնի տեսանկարահանելով և հրապարակելով դրել են մի վերնագիր, որը ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն: Ներկայացրել են, որ մենք խրախուսում ենք որևէ բռնություն և հանցագործություն, բայց այս ամենը խոսում է մի բանի մասին, որ «Լիդիան Արմենիան» որևէ գործիքակազմ չունի պաշտպանելու ինքն իրեն»,-ասաց Սամսոնյանը:
Մեր ճշտող հարցին` ի՞նչ նպատակ է ունեցել այս անգամվա ացելությունը Ամուլսարի տարածք Սամսոնյանը ասաց.
«Մենք գործնական հանդիպումններ ունեինք Ջերմուկում: Կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացի եթե գնում է Ջերմուկ պետք է կանգնի և հարցնի այդ տղաների որպիսությունը: Ամեն անգամ, երբ այցելում ենք Ջերմուկ հանդիպում ենք պաշտպաններին և հարցնում նրանց որպիսությունը` քննարկում տարբեր թեմաներ և շարունակում ենք մեր ճանապարհը, այս անգամ էլ բացառություն չի եղել»,-նշեց պատգամավորը:
Հարցին` արդյո՞ք խմբակցությունը կանդրադառնա «Լիդիան Արմենիայի» հայտարարությանը պատգամավորը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում կլինեն քննարկումներ խմբակցության ներսում և եթե կարիք լինի «Լիդիան Արմենիայից» կպահանջեն արժանապատվության և բարի համբավի վերականգնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես հայտնում է, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա և ծեծի ենթարկել նրանց։