Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաեւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը վարչապետ Փաշինյանին պարզաբանումներ է ներկայացրել ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին. նա զեկուցել է, որ 2020թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում՝ այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա, որոշում է կայացվել Հայաստանում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Համաձայն Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ նման որոշման պատճառը երկար տարիներ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության եւ ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է:
Որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական եւ բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների): Հարկ է նշել, որ տվյալ ավիաընկերությունները շարունակելու են չվերթներ իրականացնել դեպի այլ երկրներ: Միաժամանակ, որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ՀՀ եւ ՀՀ-ԵՄ ուղղություններով չվերթներ իրականացնելու վրա:
Տաթեւիկ Ռեւազյանը նշել է, որ 2019թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Կոմիտեն շարունակական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, եւ որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին: Այս համատեքստում ԵՄ ավիացիոն ոլորտի մարմինները ողջունել են ՀՀ կառավարության՝ թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու հանձնառությունը եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, կառույցում որակյալ մասնագետների ներգրավման, ինստիտուցիոնալ, օրենսդրական, տեխնիկական ուղղություններով անելիքներին, ներկայացվել են մի շարք առաջարկներ: Կոմիտեի նախագահը նշել է, որ արդեն իսկ իրականացվել է կառույցում առկա խնդիրների գույքագրում եւ ախտորոշում, որոնց կապակցությամբ մշակվում են լուծումներ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքներով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր: