Ունենք 2 սցենար՝ կամ դարձյալ մտնում են սահմանափակումներն ու տնտեսությունը վնաս է կրում, կամ․․․ վարչապետ
Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք, և հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը, և մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսով դեպքերի թվի անկման, նվազման և ընդհուպ զրոյացման և պատճառներից է այն, որ 2018-ից հետո երկրում վախի մթնոլորտը չեզոքացել է, սակայն դրա փոխարեն օրինապահության աստիճանը պատշաճ աստիճանի վրա չէ»-ասաց Փաշինյանը։
«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ՝ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք»,- հավելեց վարչապետը՝ ընդգծելով, որ գործ ունենք կանոնների պահպանման հետ կապված վարչարարության կոշտության հետ։
«Այս ամեն ինչը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ ենթադրենք, վարունգի կամ պոմիդորի կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ, ըստ ամենայնի, երկրի վարչապետը որոշել է պոմիդորի կամ կանաչիի կամ կոշիկի մենաշնորհ հաստատել, և այսօր ստանում ենք այս իրավիճակը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հակահամաճարակային կանոնները պետք է հետևել ամենակոշտ և չոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ: