Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել է լիցենզիայից. կոմիտեն հայտարարություն է տարածել

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել է լիցենզիայից, նման հայտարարություն է տարածել այսօր կոմիտեն։

«Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից:

2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական միության մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ  Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ամիսներ առաջ, Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաև Կոմիտեն: Միաժամանակ, նախկինում արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն, որոնք պահանջում են բավական ժամանակ և ռեսուրսներ կառույցը արդիականացնելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ արվում են և արվելու են լուրջ և կտրուկ քայլեր:

Իսկ ինչ վերաբերվում է այն երկու ավիաընկերություններին, որոնք ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, ապա կարևոր է նշել, որ նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ:

Ավելին, այս որոշումը միայն վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի Եվրոպական ուղություններ, և այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ:

Կից ներկայացնում ենք նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը Հայաստանի հասարակությանը», - ասված է Քաղաքավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ։

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ