Սահմանափակե՞լ Հայաստան ելքն ու մուտքը, թե՞ ոչ. քննարկում կառավարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության արտահերթ նիստի ժամանակ՝ «Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին» որոշման նախագծի ընթերցումից հետո, նշեց.

«Փաստորեն, այս որոշմամբ մենք կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կարգավիճակը փոխում ենք, դարձնում պարետատուն՝ փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ: Ըստ էության,  ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներին արգելում ենք ՀՀ տարածքը լքել կոնկրետ ուղղություններով»:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ ուղղություններով է արգելվում տարածքը լքել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մանրամասնեց, որ ցամաքային ուղղությամբ արգելում են ելքը, միաժամանակ, քանի որ կառավարության որոշումներով կարգավորված են դեպքեր, բեռնափոխադրումների հետ կապված, իսկ օդային եղանակով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները վերադառնալուն պես կանցնեն կարանտինային միջոցառումներով:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ իրենք քննարկումների արդյունքում ունեն այլ մոտեցում:

 

«Մեզ համար մտավախեցնող է նման շարժերի կառավարումը, կարող ենք ունենալ իրավիճակ, երբ ցանկը, որը հրահանգվում է ԱՆ կողմից, ենթակա կլինի փոփոխության: Էսօր ունենք մի դինամիկա մի ուղղությամբ, վաղը՝ մեկ այլ ուղղությամբ: Այդ ցանկը կարող է արագ փոխվել, ու մենք չենք կարողանալու սա կառավարել, ու կստեղծենք խառնաշփոթ: Առաջարկում ենք անցակետով թույլ տալ միայն հետևյալ կատեգորիայի անձանց մուտքը՝ ՀՀ քաղաքացիների, ՀՀ քաղաքացիների ընտանիքի օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցող անդամների, դիվանագիտական անձնագրեր կրող անձանց, կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, վարչապետի կամ պարեկի որոշմամբ՝ այլ անձանց համար»,- ասաց նա:

 

Մնացականյանը հայտնեց՝ առաջարկում են ելքի թույլտվություն տալ միայն հետևյալ անձանց՝ օտար պետությունների քաղաքացիների, օտարերկրյա պետության քաղաքացու ընտանիքի՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անդամների, կանոնավոր բեռնափոխադրողների ու ՀՀ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց, վարչապետի կամ պարեկի կողմից որոշմամբ՝ այլ անձանց:

 

«Սա ավելի պարզեցնում է, որ չստեղծենք մի իրավիճակ, երբ ամեն օր ցանկից մեկը դուրս գա, մյուսը մտնի, անհնար լինի կառավարել»,- հայտնեց նախարարը:

Տիգրան Ավինյանը նկատեց՝ ներկայիս արտակարգ իրավիճակում շատ կարգավորումներ Կառավարության, վարչապետի որոշումներով, հանձնաժողովի որոշումներով արդեն իսկ տրվում էին, այս ռեժիմը մի փոքր ավելի գործիքակազմ է տալիս, որ արագ գործեն:

 

«Իրականում մենք սահմանափակումներ ունեինք անցակետերում անձանց ուղևորափոխադրումների հետ կապված: Պարոն Մնացականյանի առաջարկած տարբերակի հետ համամիտ եմ»,- ասաց Ավինյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակադարձեց Զոհրաբ Մնացականյանի խոսքին՝ նշելով, որ կառավարելիության առումով որևէ խնդիր չի տեսնում, քանի որ փաստացի խոսքի միայն օդային հաղորդակցությանն է վերաբերում:

 

«Վրաստանի ու Իրանի հետ արդեն այդպիսի ռեժիմ է, մնում է միայն օդային սահմանը, մուտքի արգելք դնելը քիչ ճկունություն կտա, վաղը պետք է արգելել Իսպանիայի քաղաքացիների մուտքը՝ կարգելենք, էսօր պետք չի՝ չենք արգելի»,- ասաց Թորոսյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս արձագանքեց, որ կողմ է ճկունության ապահովմանը:


 

Քաղաքականություն

Պատահարներ