Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմեկնի Անգլիա

Մարտի 14-24-ը Լոնդոնում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ հայ բռնցքամարտիկներն այսօր վերջին մարզումն են անցկացրել «Օլիմպավան» մարզահամալիրում: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։ 

Անգլիայի մայրաքաղաքում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար կպայքարեն բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ քաշային կարգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)։ Կանանց վարկանիշային մրցաշարին մասնակցելու են Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ): 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը գոհ է նախապատրաստական մարզումներից և ակնկալում է նվազագույնը 3 ուղեգիր առաջիկա մրցումներից: 

«Տարվա սկզբից մի շարք հավաքներ ենք անցկացրել: 16 օր մարզվել ենք Ծաղկաձորում, հետո մեկնել ենք Ուկրաինա ու համատեղ հավաք անցկացրել Լեհաստանի, Չեխիայի և Ուկրաինայի երկրորդ թիմերի հետ: Հավաքից հետո էլ բավականին արդյունավետ մրցումների ենք մասնակցել: Օրեր առաջ ստուգողական մենամարտեր ենք անցկացրել, բռնցքամարտիկները լավ տպավորություն թողեցին: Ուղեգրերի քանակը պայմանավորված է մրցավայրից, վիճակահանությունից, մրցավարների օբյեկտիվությունից», - ասել է Ռաֆայել Մեհրաբյանը: 

Հավելենք, որ Լոնդոնի մրցաշարում տղամարդկանց 52 կգ, 57 կգ և 63 կգ քաշային կարգերում խաղարկվելու են 8-ական ուղեգրեր, 69 կգ, 75 կգ և 81 կգ քաշային կարգերում՝ 6-ական, 91 կգ և +91 կգ քաշերում՝ 4-ական։ Կանանց 51 կգ քաշայինները կպայքարեն 6, իսկ 69 կգ քաշայինները՝ 5 ուղեգրի համար: Բռնցքամարտում ուղեգրերն անվանական են:

Քաղաքականություն