«Ինստիտուցիոնալ հիշողությունս» հուշեց՝ Թանկյանի պատկերով պաստառը Երևանում հայտնվել է հեղափոխությունից առաջ. Կարապետյան

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն այսօր մի գրառում է արել, որտեղ, ի միջիայլոց, նշում է, թե Երեւանի փողոցներից մեկում «Հայ մեծեր» շարքի պաստառներից մեկի վրա, իբր գործող իշխանության կամքով, պատկերված է Սերժ Թանկյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

 

«Հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները Ձեզ ներառել են «ՀԱՅ ՄԵԾԵՐԻ» շարքում: Հայաստանի հըըըպաարտ հարկատուի գումարներով Ձեզ հայ ազգի մեծություն են կարգել ու Ձեր նկարը փակցրել են փողոցում...», - գրել է Հակոբյանը՝ դիմելով Թանկյանին:

 

« «Ինստիտուցիոնալ հիշողությունս» հուշեց, որ Թանկյանի պատկերով պաստառը Երեւանում հայտնվել է հեղափոխությունից առաջ: 

Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության գործընկերներին խնդրեցի ճշտել սույն փաստը: Ի պատասխան, ինձ տեղեկացրին, որ Սերժ Թանկյանի պատկերով «Հայ մեծեր» խորագրով սոցիալական գովազդի պաստառը Բաղրամյան պողոտայում փակցվել է վստահաբար 2017 թվականից ոչ ուշ, երբ Երեւանի ավագանիում մեծամասնություն էին կազմում Միհրան Հակոբյանի կուսակից ընկերները:

Հարգարժան պարոն Հակոբյանին, ըստ այսմ, առաջարկում եմ «նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով» խմբագրել իր գրառումը»,- գրել է Կարապետյանը: