Քաղաքականություն

Վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղաքացիները էական ֆինանսական աջակցություն են ստացել. վարչապետ

WRed 229 դիտում
Վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղաքացիները էական ֆինանսական աջակցություն են ստացել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բժշկական ապահովագրության մասին հարցին: Վարչապետը նշեց՝ կառավարությունում միասնական տեսակետ չկա այդ առիթով, ԱՆ-ն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար:

 

«Մեր խնդիրը հետևյալն է՝ ՀՀ ոչ մի քաղաքացի պետք է հիվանդանոցի դռներին չմնա, մենք պետք է լուծենք խնդիր, որ բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն: Մի քանի քննարկում է եղել, այս պահին արձանագրում ենք՝ կառավարությունում այդ հարցի վերաբերյալ միասնական տեսակետ չկա: Սա հրավեր է բոլորիս՝ քննարկելու այդ հարցը, թե ինչպես ենք լուծելու այդ խնդիրը, որ ոչ մի քաղաքացի չմնա հիվանդանոցի դռներին: Ինքս ձևավորված տեսակետ այդ հարցի կապակցությամբ չունեմ»,- ասաց նա:

 

Վարչապետը հայտնեց, որ եկամտային հարկի փոփոխություն է տեղի ունեցել, և այն շարունակվելու է, առնվազն տեսանելի փուլում եկամտային հարկը դառնալու է 20 տոկոս՝ միասնական: Փաշինյանն ասաց՝ մի տվյալ կա, որ կարող է հրապարակել՝ 2020-ի հունվարի 1-ից տեղի ունեցող այդ փոփոխություններին գումարած այն, որ նվազագույն աշխատավարձը բարձրացել է, ՀՀ քաղաքացիներն ամեն ամիս 2,5 մլրդ-ից 4 մլրդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու:

 

«Ես նկատի ունեմ շեշտադրումը քաղաքացիների բեռի վերաբերյալ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղաքացիները էական ֆինանսական աջակցություն են ստացել»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը վարչապետին ասաց, որ մինչև 150 հազար դրամ ստացող մարդկանց կյանքում էական փոփոխություն չկա, քանի որ նույնիսկ այն նվազեցումները, որ պետք է լինեն, փոխհատուցվելու են կուտակային վճարների իրենց մասնաբաժնի ավելացմամբ, իսկ նրանք գերակշռող մեծամասնություն են:

 

«Նրանց համար այդ 6 տոկոսը կլինի էական և զգալի ազդակ, որը կլինի դժվար տանելի այս պահին: Ես չեմ համարում, որ լավագույն մոդելն է ընտրվել»,- նշեց նա:

Փաշինյանն ասաց, որ ոչ մի մոդել չի ընտրվել:

 

«Ցավոք, ո՛չ լավագույնը, ո՛չ էլ վատագույնը, ո՛չ մի մոդել չի ընտրվել, կա բանավեճ: Դուք ասացիք մինչև 150 հազար ստացող աշխատողների վերաբերյալ: Այդ սեգմենտում փոփոխություն է տեղի ունեցել, նվազագույն աշխատավարձերի բարձրացման արդյունքում 130 հազար մարդու աշխատավարձ հունվարի 1-ից բարձրացել է, ձևակերպված աշխատավարձ ստացող ոչ բոլոր աշխատողներն են, որ այդքան են ստանում, շատերը ստանում են ծրարով սև աշխատավարձ: Մենք այս համահարթեցումն արել ենք, որ քաջալերենք, որ իրական աշխատավարձերը ֆիքսվեն, որից հետո կունենանք ավելի օբյեկտիվ պատկեր»,- նշեց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250