Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում գումարել է 3 նիստ և կայացրել է 7 որոշում: Ինչպես հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.
«2019 թվականի դեկտեմբերի 05-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն։
Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017թ. հունիսի 9-ի ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։
Ուսումնասիրելով լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և օրենսդրական դրույթները՝ Հանձնաժողովը գտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանձնաժողով։
ՈՐՈՇԵՑ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առևերույթ խախտման հիմքով հարուցել վարույթ։
Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»: