
Պետք է հասկանանք, թե ատելության խոսքի որ մասը պետք է քրեականացվի. Զոհրաբյան

Այսօր ատելության խոսքը վիրտուալ տիրույթից տեղափոխվել է իրականություն։ ԵԽԽՎ-ն երկու տարի է՝ փորձում է սոցիալական մեդիայում խնդրի կարգավորման ուղիներ փնտրել, սակայն չի կարողանում գտնել այն ճիշտ բանաձևը, որը չի վնասի խոսքի ազատությանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով ֆեյք նյուզերին՝ նա նշեց, որ դրանք լրջագույն մարտահրավեր են պրոֆեսիոնալ լրատվամիջոցների համար։
Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանն իր հերթին նկատեց, որ ցանկություն կա ստեղծել աշխատանքային խումբ՝ պայքարելու ատելության խոսքի տարածման դեմ։
«Այս խմբում ներգրավված են լինելու պատգամավորներ, սակայն սա լինելու է բաց հարթակ, որտեղ հրավիրելու ենք ՀԿ-ների և կառավարության ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագեներին։ Փորձելու ենք ուսումնասիրել միջազգային փորձը, թե ինչպիսի լուծումներ են նրանք առաջարկել այս խնդիրը կարգավորելու համար։ Պետք է հասկանանք, թե ատելության խոսքի որ մասը պետք է քրեականացվի և որ մասն ուղղակի հասարակական պարսավանքի արժանանա։ Նախատեսում ենք, որ աշխատանքային խումբը գործի վեց ամիս», - տեղեկացրեց Խանդանյանը։