Դավիթ Խաժակյանը դիմել է գլխավոր դատախազին և պահանջում է քրգործ հարուցել
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Նրա հաղորդման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ պարոն Դավթյան,
ս.թ. նոյեմբերի 26-ին Երեւանի ավագանու հերթական նիստին հանդես եկա հայտարարությամբ եւ ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին։ Հայտարարությամբ ներկայացրեցի այն էական հանգամանքները, որոնք շարադրում եմ ստորեւ։ Բանն այն է, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում։ Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ընթացքում Երեւանի քաղաքապետին փոխարինել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հիմք ընդունելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը։
Նույն ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 25-ին քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը 3975-Ա քաղաքապետի որոշմամբ Հրաչյա Սարգսյանին գործուղել է արտասահման նոյեմբերի 5-ից 13-ը ժամանակահատվածով։ Ինչպես քաղաքապետարանի պաշտոնական կայքից ծանոթանում ենք քաղաքապետի որոշումներին եւ կարգադրություններին Հայկ Մարությանի եւ Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ քաղաքապետի լիազորությունները կատարել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ Օրենքի) 48-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ ամրագրում է, որ «Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ»։ Սա քաղաքապետի առաջին տեղակալի բացառիկ իրավասությունն է, քանի որ վերջինս հանդիսանում է ավագանու անդամ, այդպիսով լինելով քաղաքապետից հետո գործադիր պաշտոն զբաղեցնող միակ պաշտոնյան, ով իրավասու է իրականացնելու քաղաքապետի բացառիկ լիազորթյունները, ինչպիսիք են քաղաքապետի որոշումներ եւ կարգադրություններ ընդունելը, ստորագրելը։
Ներկայացրած հանգամանքներից եւ Օրենքից բխում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը չի կարող փոխարինել քաղաքապետին եւ չունի իրավասություն կատարելու քաղաքապետի բացառիկ լիազորությունները՝ մասնավորապես քաղաքապետի որոշումներ եւ կարգադրություններ ստորագրելը։ Մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից եւ կարգադրություններից կարող ենք տեսնել, որ հիշյալ ժամանակահատվածում Հայկ Սարգսյանը ստորագրել է 7 տասնյակից ավել այդպիսի փաստաթղթեր։
Այս գործողությունները անհրաժեշտ ենք համարում դիտարկել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի ներքո, քանի որ Հայկ Սարգսյանի կողմից իրացվել է մի լիազորություն, որը վերջինիս Օրենքով վերապահված չէ, այդպիսով անցնելով պաշտոնեական լիազորությունները։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր լիազորությունները Հայկ Սարգսյանին փոխանցվել են առանց իրավական պատշաճ հիմքերի, նույն հոդվածի շրջանակներում պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպք պետք է դիտարկել նաեւ քաղաքապետի կողմից։
Քրեական օրենսգրքի 309 հոդվածը պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպք է համարում պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություն կատարելը, որը ակնհայտորեն դուրս է նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս է պատճառել հասարակության կամ պետության օրինական շահերին։
Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը նույն օրվա ավագանու նիստի ընթացքում արեց հետեւյալ հայտարարությունը «օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի տեղակալը եւս կարող է բացակայել։ Դրանք կարող են լինել բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված...»։ Սա նշանակում է, որ Հայկ Սարգսյանին քաղաքապետի լիազորությունները փոխանցելիս քաղաքապետարանը գիտակցել է, որ օրենքը չի կարգավորում նման դեպք, ինչը նշանակում է, որ այդ գործողությունը կատարվել է գիտակցաբար։
Կ. Համբարձումյանը շարունակելով միտքը նշում է, որ այդուհանդերձ «հիմք է ընդունվել Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ մասը, որի հիման վրա դուք (քաղաքապետը) հանձնարարել եք քաղաքապետի (առաջին) տեղակալ Հրաչյա Սարգսյանին անհետաձգելի դեպքերի ի հայտ գալու կամ գործուղման մեկնելու դեպքում նշանակել փոխարինող Հայկ Սարգսյանին»։
Օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ «Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաեւ այլ լիազորություններ»։ Այս դրույթի հիման վրա Հայկ Սարգսյանի կողմից քաղաքապետի փոխարինումը ոչ միայն իրավական առումով է հիմնազուրկ, այլ նաեւ դուրս է տրամաբանության շրջանակներից, քանի որ այդ դատողությունից բխում է, որ ցանկացած անձ ում քաղաքապետը կարղ է հանձնարարել իրականացնել «այլ լիազորություններ», վերջինիս կարող է վերապահվել քաղաքապետի բացառիկ լիազորությունները։
Այս դատողության հիպոթետիկ ճշմարտացիության դեպքում քաղաքապետը իր օգնականներին եւս կկարողանար վերապահել քաղաքապետին փոխարինելու լիազորությունը, որի հետեւանքը եւ իշխանության հեղինակությանը հասցված վնասը կարող է լինել նույն չափ, որքան քաղաքապետի առաջին տեղակալ չհանդիսացող տեղակալների կողմից քաղաքապետի փոխարինումը։
Այսպիսով հիմք ընդունելով վերոգրյալը գտնում եմ, որ.
ա) քաղաքապետը ակնհայտորեն անցել է իր լիազորությունները հանձնարարելով Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի փոխարինող նշանակել Հայկ Սարգսյանին,
բ) քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ակնհայտորեն անցել է իր լիազորությունները ստորագրելով քաղաքապետի տասնյակ որոշումներ եւ կարգադրություններ։
Գտնում եմ, որ անհրաժեշտ է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հիման վրա հարուցել քրեական գործ՝ վերհանելու նկարագրածս հանգամանքները եւ գնահատելու հասարակության եւ պետության օրինական շահերին հասցված վնասը։