«Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը որակազրկվել է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել կարգապահական կոմիտեի հերթական նիստը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը որակազրկվել է մեկ խաղով, իսկ նրան պատկանող ակումբը տուգանվել է 50 հազար դրամով այն բանի համար, որ նա առաջին խմբի «ՈՒրարտու-2» - «Ալաշկերտ-2» խաղից հետո խաղադաշտի մուտքի մոտ մոտեցել է մրցավարներին և բուռն անհամաձայնություն հայտնել նրանց որոշ գործողությունների վերաբերյալ։
«Ալաշկերտ-2» թիմի ադմինիստրատոր Ռաֆայել Նադարյանը նույն խաղում անպարկեշտ, անվայել պահվածքի համար որակազրկվել է 2 հանդիպումով, իսկ ակումբը տուգանվել է 50 հազար դրամով։
Սակայն, ամենաշատ տուգանք պետք է վճարի առաջին խմբում հանդես եկող Չարենցավանի «Վան» ակումբը։ Պարզվում է, որ դեկտեմբերի 3-ին կայացած «Վան» - «Լեռնային Արցախ» խաղին հանդիսականներն անընդհատ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել մրցավարական անձնակազմի հասցեին, իսկ «Վան» թիմի ֆուտբոլիստ Ձամբոլատ Հասցաևը, ով նշված չի եղել խաղի արձանագրությունում, տրիբունայից ներխուժել է տեխնիկական գոտի և հայհոյանքներ հնչեցրել մրցավարների հասցեին։ Այս արարքների համար «Վան» ակումբը տուգանվել է համապատասխանաբար 50 և 100 հազար դրամով։
«Արագած» - «Լոկոմոտիվ» խաղին մրցավարների հետ չի համաձայնել և նրանց հայհոյել է արդեն «Արագած» թիմի բժիշկ Ռադիկ Այվազյանը, ով ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգ համաձայն որակազրկել է 5 խաղով, իսկ «Արագած» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100․000 դրամով։
Հավելենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն այդ նիստում քննել է 33 գործ։