Ինչո՞ւ ԱԱԾ-ն բռնեց փողն ստացող վարորդին` չսպասելով, որ վերջինս փողը փոխանցի Լոռեցյանին. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնկալում եմ, որ ԱԱԾ-ն լրացուցիչ տեղեկություն ու նյութեր կհրապարակի Գևորգ Լոռեցյանի գործով:

Առկա տվյալների սահմաններում մի տեսակ տրամաբանությունը չի բռնում: Մասնավորապես՝

Ա) Ամսական, փաստացի, մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող փոխնախարարն իր ամսական աշխատավարձի չափ կաշառք է ուզել և վարորդի միջոցով 300 հազար դրամ ստացել (եթե հավատանք առկա ներքին ինֆոին ու մամուլի հրապարակումներին): Ինչի՞ դիմել 12 տարվա ազատազրկման ռիսկին՝ քո մեկ ամսվա աշխատավարձի չափ կաշառքի խաթր:

Բ) Ինչո՞ւ ԱԱԾ-ն բռնեց փողն ստացող վարորդին` չսպասելով, որ վերջինս փողը փոխանցի Լոռեցյանին, որ ավելի հիմնավոր լինի փոխնախարարի կողմից կաշառք ստանալու փաստը: Չեմ ուզում դավադրությունների տեսություն զարգացնեմ, բայց արձանագրեմ, որ Լոռեցյանի գործով զբաղվում է ԱԱԾ-ն, որի ներկայիս տնօրենի ընկեր և նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Գևորգ Լոռեցյանի հետ շատ վատ հարաբերություններ ուներ և սպառնալով խոչընդոտում էր ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտ կառուցելուն: Զուգադիպությո՞ւն:

Հույս ունեմ, որ ԱԱԾ-ն մանրամասներ կհրապարակի՝ կասկածները ցրելու համար: Այդ պարագայում, բնականաբար, Լոռեցյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»:

 

Քաղաքականություն

Պատահարներ