Ես հույս ունեմ, որ այս իշխանությունն էլ կփոխվի անարյուն․ Գևորգ Պետրոսյան

Ես չեմ կարող ասել, թե այս իշխանությունը որքանով է պարտք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ այսօր իշխանություն են, թե ինչքանով ունեն պարտավորություններ Սերժ Սարգսյանի առաջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին։ 

«Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն, դրա համար էլ ասում են թավշյա հեղափոխություն։ Բայց ես այդ հեղափոխությունը թավշյա չեմ անվանում, որովհետեւ ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պիտի իրար հարգող, իրար գնահատող հասարակություն ունենանք, բայց այսօր հասարակության մեջ աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է, ես չգիտեմ իրենց փոխադարձ պարտավորությունները։ Ես հույս ունեմ, որ այս իշխանությունն էլ կփոխվի անարյուն»,-նշեց նա։ 

Հարցին՝ իր կարծիքով մո՞տ է ժամանակը, որ պետք է փոխվի այս իշխանությունը, պատգամավորն արձագանքեց․ «Ոչ մի բան չենք կարող բացառել։ Կարող է լինել ե՛ւ հերթական ընտրություններ, ե՛ւ արտահերթ։ Ոչ ոք 2018 թվականի հունվար ամսին չգիտեր, որ ապրիլին տեղի է ունենալու իշխանափոխություն, դրա համար էլ գուշակություններով պետք չէ զբաղվել։ Ամենակարեւորը, որ իշխանությունը հիշի ինչի համար է եկել, որ հիշի ինչ է խոստացել ժողովրդին, ինչ ծրագիր է ներկայացրել, ձեռնամուխ լինի դրա կատարմանը, իսկ եթե ինքն էլ ինչ-որ հարցերում թերանում է, չի կարողանում, գոնե չխոչընդոտի այն մարդկանց, որոնք իրենց անձնական հեղինակությամբ նպաստում են այս երկրում հազարավոր խնդիրներից գոնե մի քանիսի լուծմանը»։ 

Հարցին՝ արդյոք վտանգավոր մեսիջներ կա՞ր Սերժ Սարգսյանի վերջին ելույթում, որի համար կարող էին լռեցնել․ «Կարող էր լինել, որովհետեւ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի ելույթը գովեստ էր այս իշխանությունների հասցեին, այնտեղ հնչեցին մեր իրավական անվտանգության խնդիրները, որը, բնական է, չէր կարող իշխանության քիմքին հաճելի լինել։ Սակայն ես չեմ կարող պնդել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործի հարուցումը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով, դա չի բացառվում, բայց նաեւ այդպիսի պնդման համար պետք է իրազեկված լինես, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ»։ 

Գևորգ Պետրոսյան կարծիք հայտնեց, որ այս իշխանությունը ինչի մեջ մեղադրում էր նախկիններին, հիմա ինքն է անում․ «Անվերջ ձգվող վերջին դատավարությունները նախկին իշխանությունների գործելաոճն է, իրենք ինչի մեջ մեղադրում էր նախկիններին, հիմա իրենք են անում։ ժողովուրդն ասում է այ ընկեր մարդուն բռնել ես, մեղավոր է, տար պատժի, բայց սենց անընդհատ կալանավորում, բաց թողում գրավի դիմաց, անձնական երաշխավորությամբ, լավ այս շոուներով ինչքան կարելի է այս ազգին կերակրել։ Եթե պիտի նախկին բարքերը նույն ձեւով շարունակվեին, ոչ մեկի պետք չէր այս հեղափոխությունը, բացառությամբ ինչ-որ մի քանի մարդկանց, որոնց կենսապայմաններում նկատելի առաջընթաց է գրանցվել»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը։

Քաղաքականություն

Պատահարներ