Պարզվեց, որ շեյխը կարծես շեյխ չէր. քաղաքապետարանի պարզաբանումը
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասն անդրադարձավ երեկվանից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև սկսված հեռակա բանավեճին: Խոսելով այն մասին, թե Երևանի քաղաքապետից հիասթափվելով՝ Աբու Դաբիի շեյխերը հրաժարվել են այստեղ ներդրումներ անելու մտքից, Կարապետյանը նշեց.
«Երբ երեկ այդ հայտարարությունն արեց, մենք գնացինք այդ հայտարարության հետքերով, փորձեցինք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, պարզեցինք մի շարք հանգամանքներ, հանդիպման մանրամասները: Ես անգամ մտածելով, որ, թերևս, պարոն Ծառուկյանը լավ տեղեկացված չէ, իմ գործընկերներին զգուշացրի այդ մասին, որ գուցե չեն զեկուցել, տեղեկատվական արշավը կասեցնելու համար տեղեկություն տվեցի հանգամանքների մասին: Համենայնդեպս, թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր, երբ պարզվեց, որ շեյխը կարծես թե շեյխ չէր, այսինքն՝ հանդիպմանը եկել էր ոչ թե թագաժառանգ, այլ նրա ներկայացուցիչը և այլ հանգամանքներ»:
Կարապետյանը խոսեց նաև Աբովյան 5-ում ընթացող ապօրինի շինարարության մասին, որն, ըստ խոսնակի, իրականացրել է «Մուլտի Գրուպ» ընկերությունը, որի հետ կապը Գագիկ Ծառուկյանը չի ժխտում: Խոսնակը մասնավորեցրեց՝ ապօրինի շինարարությունն իրականացվել է «Կինո Մոսկվայի» առջևի հատվածում՝ Ստանիսլավսկու թատրոնի անմիջական հարևանությամբ:
«Այսօր պարոն Ծառուկյանը մի նոր հրաշալի հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանն իրեն թույլտվություն է տվել: Տեղեկացնեմ. խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ նախագծման թույլտվություն և շինարարական թույլտվություն: Նախագծման թույլտվությունը քաղաքային իշխանության համաձայնությունն է, որ տվյալ վայրում կառուցվի, շինթույլտվությունն է, որ իրավունք է տալիս կառուցապատողին սկսել շինարարական աշխատանքներ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ շինթույլտվությունը տվել է ոչ թե Հայկ Մարությանը, այլ Նարեկ Սարգսյանը, Կարապետյանն արձագանքեց, որ շինթույլտվություն տալիս է բացառապես համայնքի ղեկավարը, ապա շեշտեց՝ Նարեկ Սարգսյան անունով քաղաքապետ չենք ունեցել, ունեցել ենք Տարոն Մարգարյան անունով քաղաքապետ: Ըստ խոսնակի՝ 2018 փետրվարի 16-ին նախկին քաղաքապետը տվել է շինարարության թույլտվություն, դրանից հետո որևէ թույլտվություն չի տրվել: Երեք օր անց վարչական դատարանը վարույթ է ընդունել մի քաղաքացու հայցը՝ ընդդեմ «Մուլտի Գրուպ»-ի, այդ վարույթն ընդունելու պահից շինթույլտվությունը կասեցվել է:
«Այսինքն՝ երեք օր անց այլևս շինարարություն իրականացնելու հնարավորություն չկար օրենքով, բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած «շուստրի տղա», փորձել է շրջանցել կարգը և օրենքը, իրականացրել կառուցապատում, մասնավորապես՝ հունիս-հուլիս ամիսներին, երբ կար ընկալում, որ խառն է իրավիճակը, այդ շինարարությունն ինտենսիվորեն ընթանում էր»,- նշեց նա:
Կարապետյանը շեշտեց՝ Գագիկ Ծառուկյանի, նրա հետ փոխկապակցված անձանց հետ կապված որևէ խնդիր չունի քաղաքապետարանը: Խոսելով շեյխերի «նեղանալու» մասին՝ խոսնակը նշեց.
«Լուրջ չէ հայտարարել, որ այդքան ներդրումներ անող մարդիկ այդքան նեղացկոտ են, որ երբ կիրթ ձևով ասում են, որ չարժե այդքան հեռախոսով խոսել, դրանից հետո հրաժարվում են ներդրումներ անելուց: ՀՀ-ում գործում են ՀՀ օրենքներն ու կանոնները, և պետք է հարգել դրանք ու պետական ինստիտուտները: Դիտողությունը պահվածքի համեմատ եղել է մեղմ, այդուհանդերձ, նշվել է, որ պատրաստ ենք ընդունել առաջարկները»,- ասաց Կարապետյանը: