Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը ՀՔԾ-ում բացատրություն են տվել

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը Հատուկ քննչական ծառայությունում բացատրություն են տվել: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասեկ է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

Նա հրաժարվել է պատասխանել լրատվականի այլ հարցերին՝ խնդրելով դիմել Հատուկ քննչական ծառայություն: Էդմոն Մարուքյանը եւս խոսել է լրատվամիջոցի հետ, որ ինքը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրության: Մեր հարցին, թե մինչեւ երբ են իրենք կապի մեջ եղել Անահիտ Ֆարմանյանի հետ, Մարուքյանը պատասխանեց. «Մեք կապի մեջ չենք եղել, իմացել ենք, որ նա մասնակցում է քննչական բոլոր գործողություններին մինչեւ այն պահը, երբ ՀՔԾ-ն մեզ գրավոր տեղեկացրել է, որ նա խուսափում է քննությունից»:

 

Հարցին, թե դրանից հետո իրենք անձամբ միջոցներ ձեռնարկե՞լ են Ֆարմանյանի հետ կապ հաստատելու համար, Մարուքյանը դրական պատասխան տվել. «Այո, եղբորն ենք հանդիպել, ասել ենք, որ եթե քույրը չներկայանա, նրան կկալանավորեն, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի, եւ բացի այդ, կարծում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում եւ ինքը, եւ իր քույրը, եւ իրենց ընտանիքը»: Հարցին՝ արդյո՞ք սա կարող է վատ նախադեպ դառնալ պատգամավորների կողմից երաշխավորություն ներկայացնելու դեպքերում, Մարուքյանը պատասխանեց. «Գիտե՞ք` ես միշտ դժվարությամբ եմ երաշխավորություն տվել, եւ սա նախադեպ է, որի արդյունքում ես այլեւս ոչ մեկին երաշխավորություն չեմ տալու: Որովհետեւ պատգամավորը որեւէ ազդեցություն չունի՝ այդ մարդուն թույլ տալ-չտալու՝ ներկայանել թե ոչ, պետք է նախաքննության մարմինը նրա անձնագիրը վերցնի, սեկտը փակի, այսինքն՝ երբ պատգամավորը ասում է, որ երաշխավորում է, որ նա կներկայանա, երաշխավորում է, որ նրան չկալանավորեն, բայց չի երաշխավորում, որ այդ մարդուն թողնեն երկրից գնալ: Այդ մարդը երկրից գնացել է, մեզ ասում են՝ բա գնացել է: Է, չթողնեիք՝ գնար: Այսինքն՝ այստեղ օրենսդրական խնդիր կա»:

 

 

Հիշեցնենք՝ Անահիտ Ֆարմանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում նա խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ հոկտեմբերի 31-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և նոյեմբերի 1-ին ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը նոյեմբերի 2-ին բավարարվել էր:

Քաղաքականություն

Պատահարներ