Օլիմպիական խաղերում Հայաստանն ընդամենը 1 մարմնամարզիկ կունենա
Հայաստանն ընդամենը 1 մարմնամարզիկ կունենա Տոկիո 2020-ում: Ամառային 32-րդ օլիմպիական խաղերին կմասնակցի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (բազմամարտ): Մարմնամարզիկներն ուղեգրերի համար պայքարելու փոքր շանս կունենային, եթե նոյեմբերի 21-25-ը Գերմանիայի Քոթբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում կարողանային առաջին տեղ գրավել:
Դեռ մինչեւ մրցումները ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել էր, որ եթե Քոթբուսում համապատասխան արդյունքներ լինեն, իրենք կմեկնեն նաեւ հաջորդ տարվա սկզբին Ավստրալիայում կայանալիք գավաթի խաղարկությանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ թեեւ արդյունքներից գոհ է, սակայն միայն առաջին հորիզոնական զբաղեցրած մարզիկ ունենալու դեպքում իմաստ կունենար շարունակել պայքարն ուղեգրերի համար:
«Ասել էի՝ եթե առաջին տեղ գրավեին, իմաստ կլիներ՝ գնային Ավստրալիա, բայց առաջին տեղն ուղղակի անհնար էր, քանի որ մասնակցում էին ամենաուժեղները: Օրինակ, 2-րդ տեղը, որին Արթուր Ավետիսյանը (խմբ. բրնոզ նվաճեց օղակներում) զիջեց, զբաղեցրեց օլիմպիական չեմպիոնը (խմբ. Էլեֆթերիուս Պետրունիաս). օլիմպիական չեմպիոնն այսօր շանսեր չունի: Եթե բարձր միավորներ ունենային, կարողանային 3 հատ առաջին տեղ գրավել (խմբ. գավաթի խաղարկություններում).... քանի որ մենք էլ բոլոր գավաթներին չէ, որ մասնակցել ենք, դրա համար իմաստ չկա, այստեղ օլիմպիական վարկանիշ ուղղակի այլեւս հնարավոր չէ ձեռք բերել: 3 հատ առաջին տեղ պետք էր գրավել»,- ասաց նա՝ հաստատելով, որ մարմնամարզությունում ՀՀ-ն 1 օլիմպիական կունենա:
Աշխարհի գավաթի վարկանիշային 8 խաղարկություններից 2-ը ՀՀ-ն բաց է թողնում, քանի որ դրանք Բաքվում են անցկացվում: 2-ն էլ Ավստրալիայում են: Մարզական տեսանկյունից այնտեղ մասնակցելը հարմար չէ, այդ պատճառով է, որ մարզիչն այնտեղ գնալու որոշում կկայացներ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Եվրոպայի 2020թ. առաջնությունն էլ է վարկանիշային: 2 ուղեգրեր են խաղարկվում բազմամարտում, սակայն ՀՀ-ն այստեղ եւս չի մասնակցի, քանի որ նույնպես Բաքվում է:
Արթուր Դավթյանն օլիմպիական ուղեգիրը նվաճել է աշխարհի 2019թ. առաջնությունում: Ռիո 2016-ում ՀՀ-ն 3 մարմնամարզիկ ուներ՝ նույն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Հուրի Գեբեշյանը: Այս պահին ՀՀ-ն ընդհանուր առմամբ Տոկիո 2020-ի 3 ուղեգիր ունի: Դրանցից 2-ը նվաճել են հունահռոմեական ըմբիշները՝ 77 եւ 97 կգ քաշային կարգերում:
Քոթբուսի մրցաշարից հետո մարմնամարզիկները ելույթ կունենա Ռուսաստանում կայանալիք Վորոնինի գավաթի խաղարկությունում: Կմասնակցեն Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Սերոբյանը հրավրված է որպես մրցավար: Մրցումները նախատեսված են նոյեմբերի 28-30-ը: