Քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդը 700 միլիոնից բարձրացվել է 1.9 միլիարդ դրամի

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը մի շարք մտահոգություններ ունեն՝ ավագանու 2020 թվականի բյուջեի վերաբերյալ։ 

 

Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ քաղաքային իշխանությունները չեն կատարել 2019 թվականի բյուջեով նախատեսված որոշ ծրագրեր, այդ իսկ պատճառով գումար է ավելացել, ինչի մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

 

«Հարգելի պատճառներից մեկը նշում է, որ «Սանիթեքին» չեն վճարել մոտ 1 միլիարդ 100 միլիոն դրամ, քանի որ վերջինը պատշաճ չի կատարել իր աշխատանքը։ Եվ գումարի տնտեսում է եղել»,- շարունակեց խմբակցության քարտուղարը։ Հռիփսիմե Առաքելյանի համար նաև հարցեր են առաջացել աղբահանության հետ կապված, թե ինչպես է գումար տնտեսվել, եթե ավագանին ուրիշ տեղերից է գումար վերցնում աղբահանության հետ կապված խնդիրները լուծելու համար։

 

Ավագանու անդամը նաև անդրադառնում է բյուջեով նախատեսված ծրագրերին․ «4-րդ կարգի վթարային շենքերի քանդման համար հատկացնել 90 միլիոն դրամ, բնակիչների վարձայալության համար հատկացնել այսքան գումար»։

 

Ըստ նրա՝ ոչ ոք չի հասկանում, թե որ շենքերի մասին է խոսքը, և խմբակցությունը «քցել-բռնելուց» հետո հասկացել է, որ Արցախի 8 և 10 շենքերի մասին է։ «Ոչինչ գրված չէ, հասկանո՞ւմ եք»,- ասաց նա։

 

Առաքելյանն անդրադարձավ նաև հրատապ ծախսերի հարցին՝ նշելով, որ որևէ կերպ հիմնավորված չէ, թե ինչի վրա է ծախսվել այս տարվա համար նախատեսված 30 միլիոն դրամը, որից հետո որոշում է կայացվել հաջորդ տարվա համար տրամադրել 355 միլիոն դրամ։

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ քաղաքապետարանը ցանկանում է կանաչապատման համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծել, որ համար նախատեսվում է տրամադրել 3 միլիարդ 400 միլիոն դրամ։ «Ինչպե՞ս եք հաշվարկել»,- հարցադրում է անում Հռիփսիմե Առաքելյանը։ 

 

Իր հերթին խմբակցության ղեկավար Մանրիկյանը հարցադրում է անում, թե ինչու իր աշխատանքը պատշաճ չկատարող գետերի հուները մաքրող կազմակերպության հետ չի խզվում պայմանագիրը, իսկ «Սանիթեք»-ի դեպքում քաղաքային իշխանությունները միակողմանի խզում են։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը նշեց նաև, որ 2020 թվականի բյուջեով անդրադարձ չկա տրանսպորտին, ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցմամբ քաղաքը մեքենաներից բեռնաթափելու խնդրին։

 

Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձավ նաև աղբահանությամբ զբաղվող հիմնարկին շուրջ 20 «ԿամԱզ» մակնիշի մեքենաների նվիրաբերմանը, որի մասին բարձրաձայնել էր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը․ «Ի՞նչ սխեմաներով և ովքե՞ր են այդ նվիրատուները և ինչո՞ւ են այդ 20 «ԿամԱզ»-ը նվիրել մեր աղբահանության կազմակերպությանը։ Մենք այսօր կփորձենք հասկանալ, թե ինչ նվիրատուների մասին է խոսքը»։

Ավագանու անդամները նաև ասացին, որ պարգևավճարների ֆոնդը 700 միլիոն դրամից բարձրացվել է 1,9 միլիարդ դրամի։ 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ