Արտակարգ դեպք. Իջևանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա. նա հիվանդանոցում է

Իջեւանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խորը վերքերով 41-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն:

 

«Հայկական ժամանակի»  հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տեւել է մոտ երկուսուկես ժամ: «Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, թեւը նախաբազկի շրջանում էլի խորը վերք էր, երկու թեւերը վնասված էին: Հիմա վիճակը կայուն է: Ստացել է փայտացման, կատաղության դեմ բոլոր պատվաստանյութերը: Եւս մեկ շաբաթ կգտնվի բժիշկների հսկողության տակ: Վերքերի մշակումը կազմակերպվում է, բոլոր հետազոտությունները կատարվել են, արդեն ոտքի ելնում է:

 

Վախենալն էլ իր պարագայում չկա, քանի որ ինքը որսորդ է: Եթե որսորդ չլիներ հարյուր տոկոս հիմա ողջ չէր լինի»,- նշեց Վազգեն Մարգարյանը:

Արման Գաբրիելյանը պատմեց, որ այդ անտառներում ինքն ունի մոտ 150 խոզ: Պարբերաբար գնում է՝ ստուգելու, թե որտեղ են, պակասել են, թե՝ ոչ:

 

Երեկ էլ գնացել է: կեսօրին մոտ տեսել է ճանապարհին ընկած մի խոզ՝ մի մասը կերած: Մի քիչ էլ է գնացել, տեսել է երկրորդ հոշոտված խոզը, հետո՝ երրորդը: Քայլելով բարձրացել է արյան հետքերով՝ դեպի Ենոքավանի բարձունքների ժայռոտ հատվածները: Այդտեղ՝ ժայռերից մեկի մոտով անցնելիս գլուխը բարձրացրել է ու տեսել օդում իր վրա ցատկող կենդանուն: Դեպքը տեղի է ունեցել ժամը մոտ 13:20-ին: Լինելով փորձառու որսորդ՝ Արման Գաբրիելյանն արագ կողմնորոշվել է՝ ինչ անել. ինքնապաշտպանվել է՝ բռունցքը կենդանու բերանը մտցնելով, պայքարել մոտ հինգ րոպե, որից հետո կենդանին թողել-հեռացել է:

 

Հարցին՝ ինչպիսին էր հովազը, Գաբրիելյանը պատասխանեց. «Տեսել ու զգացել եմ կենդանուն շատ մոտից, կարող եմ մանրամասն նկարագրել: Կլիներ 80-90 կգ, փորի տակը սպիտակ-մոխրագույն էր, մեջքի ու կողերի հատվածը՝ բաց դեղնավուն, սև կիսաօղակներով: Կլիներ մոտ մեկ մետր, պոչը՝ 50-60 սմ»:

 

Իջեւանի անտառներից հիմա շատերն են պտուղ հավաքում. հովազի առկայությունը մեծ վտանգ է նրանց համար թե հոգեբանական առումով (կարող են վախենալ և տարատեսակ հիվանդություններ ձեռք բերել), եւ թե ֆիզիկապես՝ պայքարելու եւ փրկվելու համար: «Եթե Արմանը փորձառու որսորդ չլիներ, հաստատ մենք լուրջ խնդիր կունենայինք»,- նկատեց բժիշկ Մարգարյանը:

 

Դեպքը քննարկելու համար երեկ հավաքվել են որսորդները, փորձել են հիշել, թե վերջին անգամ այս անտառներում երբ են հովազ տեսել. «1960-ականներին այս անտառներում հովազ են խփել: Դրանից հետո այս տեղանքում հովազ չեն հանդիպել: Սա առաջին դեպքն է, սակայն տեղանքում կենդանու պահվածքից ակնհայտ է, որ նոր չի եկել. նվազագույնը վեց ամիս է, այստեղ է: Այս կենդանիները տարածքին տիրապետում են շատ արագ: Հաստատ մենակ չի. կամ զույգ ունի, կամ ձագ ունի»,- թեման շարունակեց բժիշկը:

 

Հովազն ապրում է այն հատվածներում, որոնք մարդու համար անմատչելի են: Անտառում հիմա ընտանի կենդանիները շատ են: «Վտանգը մեծ է թե՛ այդ անասունների համար՝ հովազի կողմից, թե իր համար՝ անասնապահների կողմից: Այստեղ ոչ միայն խոզեր են պահվում, այլեւ՝ ոչխարներ, այլ կենդանիներ, եւ ձմեռատեղի կա, որտեղից կենդանիներին նաեւ ձմռանը չեն իջեցնում: Եվ եթե սարերում նրա որսը պակասի, հովազը կփորձի ձմեռատեղի մտնել: Հիմա եթե փորձի անասնապահի կամ հոտի վրա հարձակվել, անասնապահը կրակելու է, սպանի: Դրա տուգանքն էլ մեծ գումար է: Այսինքն, եթե մարդը թեկուզ իր անվտանգության համար կրակեց, պիտի գնա, տասը տարի նստի դրա համար»,- ասաց բժիշկը:

 

Իրադրությունից միակ ելքը, որսորդների եւ բնակիչների դիտարկմամբ, բնապահպանների միջամտությունն է. վստահ են, որ բնապահպանները պիտի գնան, հատուկ գիշերային դիտարկման սարքերով հայտնաբերեն հովազին կամ հովազներին, քնեցնեն եւ տեղափոխեն Խոսրովի արգելոց: Թեպետ այս տարբերակն էլ, բժշկի կարծիքով, կարող է վերջնական լուծում չլինել: «Այդ կենդանին, որ այստեղ հարուստ սնունդ է ճարել, էլի շատ արագ տեղափոխվելու է այստեղ: Հետո մեր բնությունը իդեալական է նման կենդանու համար. մեղմ է. Խոսրովի արգելոցում խստաշունչ ձմեռներ են: Այստեղ ձմռանը ամենաշատը մի ամիս է ձյուն նստում: Իսկ գետի ափերին առավել հանգիստ է»,- ասաց բժիշկը:

 

Նշենք, որ Կովկասյան ընձառյուծը (հովազը) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից: «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն` կովկասյան ընձառյուծ որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաեւ քրեական օրենսգրքով: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի: