Ռուսաստանը չի գործի Հայաստանի անվտանգության դեմ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ էր կենսալաբորատորիաների վերաբերյալ հուշագիր ստորագրել, բայց ռուսական կողմն առաջարկել է սկզբից մշակել փաստաթղթի տեքստը։ Երբ կողմերը պատրաստ լինեն, այդ ժամանակ էլ կստորագրվի պայմանագիրը։ Այս մասին այսօր ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 11–ին ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում լրագրողներին ասել էր, որ ռուս մասնագետների` հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու հուշագրի հետ կապված բանակցություններն ավարտվել են։
«Աշխատում ենք (փաստաթղթի վրա` խմբ), երբ կողմերը պատրաստ լինեն, այդ ժամանակ էլ կստորագրենք», – ասաց Փաշինյանը։
ՀՀ կառավարության ղեկավարը չպարզաբանեց, թե ռուսական կողմը հատկապես ինչ է ցանկացել լրացուցիչ մշակել։
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեությունը չի ֆինանսավորվում ԱՄՆ–ի կողմից։ Թեև ի սկզբանե այդ հաստատությունները ստեղծվել են ամերիկյան միջոցներով, դրանք Հայաստանի սեփականությունն են, ամերիկացիները մուտք չունեն այնտեղ։
«Այսինքն` ոչ ոք առանց Հայաստանի իշխանությունների թույլտվության չի կարող մտնել կեսալաբորատորիայի տարածք։ Դա շատ կարևոր պահ է։ Նույն ամերիկացիները չեն կարող ազատ մուտք ունենալ այդ հաստատություններ», – պարզաբանեց կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով` այս պահին ամերիկացիները նույնքան շանս ունեն թափանցելու կենսալաբորատորիաների տարածք, որքան և ռուսները։
«Կարդալով ռուսական մամուլ` երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ–ի ներկայացուցիչները կարող են ցանկացած պահի մտնել այնտեղ, բայց դա այդպես չէ», – հավելեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանը, լինելով ռազմավարական դաշնակիցները, չեն կարող գործել միմյանց դեմ, չեն կարող ոտնահարել միմյանց անվտանգության շահերը։
«Բացառված է, որ Հայաստանը գործի Ռուսաստանի անվտանգության դեմ։ Նման բան ուղղակի չի կարող լինել։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես չի գործի Հայաստանի անվտանգության դեմ», – հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում գործող կենսալաբորատորիաներն օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով։
Նմանատիպ հոդվածներ
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...