Ինչ կատարվում է ՀՖՖ-ում՝ խայտառակություն է ու ուղիղ անդրադառնում է ազգային հավաքականի մրցելույթներին. Գասպարյան

Մարզական մեկնաբան-լրագրող Ռոբերտ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ կայացած Հայաստան- Իտալիա խաղին

 

 «Ես միշտ պաշտպանել եմ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին զանազան քննադատություններից, արել եմ գուցե այն, ինչ իրենք պետք է անեին իմ փոխարեն՝ գտել եմ կամ փորձել եմ գտնել արդարացումներ: Սակայն այս անգամ ուրիշ իրավիճակ է: 
Այս օրերին բազմիցս գրել եմ ու լայվերումս ասել եմ, որ այն, ինչ կատարվում է ՀՖՖ-ում՝ խայտառակություն է ու ուղիղ անդրադառնում է ազգային հավաքականի մրցելույթներին, քանի որ ազգային հավաքական-ՀՖՖ կապը եղել է անհվանական սերտ: Այսինքն ներսի ցանկացած խմորում, ազդել է հավաքականի ելույթների վրա: 

Բայց. 
1. Լիարժեք մեղադրել Աբրահամ Խաշմանյանին այս պարտության/պարտությունների համար բացարձակ չարժե: Մեղադրե՞լ սխալ տակտիկայի կամ խիստ պաշտպանողական լինելու համար՝ խնդրեմ, ես էլ ձեզ հետ: Բայց նրա մեղքն այս պարտություններում ավելի քիչ է, քան ՀՖՖ-ի գզվռտոցի մասնակիցներինը և հավարաչափ, որքան ֆուտբոլիստներինը 
2. Աբրահամ Խաշմանյանի պարտությունների հաշվին ինքնահաստատում փնտրող և Վահան Բիչախչյանին այդ պաշտոնում հրող մարդկանց խորհուրդ կտամ հանգիստ վեր ընկնել իրենց տեղը, քանի որ այն ինչ կատարվում է այսօր, բացարձակ կապ չունի մարզչական աշխատանքի հետ: Մենք անգամ ամենաթույլ լինելու դեպքում 8 գոլի տարբերությամբ չենք պարտվել: Այո, եղել են կորուստներ, բայց հավաքականը չի պարտվել այսպես: Ոչ Իտալիան էր այնպիսի սարսափելի ուժեղ, ոչ մերոնք էին սարսափելի թույլ: Կար ինչ-որ այլ, ինձ համար առայժմ ոչ այնքան լիարժեք խնդիր: Եթե Բիչախչյանը լիներ այսօր հավաքականի մարզիչ, նույն բանն էր լինելու: 
3. Ես գիտեմ, որ իմ գրառումները կարդում են հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստներն ու թեկնածուները, դրա համար գուցե այսպես կոչս տեղ հասնի (ու դա անում եմ շաաատերի անունից): Սիրելի ֆուտբոլիստներ, իմ լավ ընկերներ, երևանյան խաղերի ժամանակ ձեր՝ հարցազրույց չտալը ինչ-որ տեղ կարող ենք ըմբռնել, սակայն երբ կտրում ենք հազարավոր կիլոմետրեր ու պետություններ, գոնե հարգեք դա ու եկեք խոսեք մեզ հետ, մենք ձեզ չենք հոշոտելու ու երբեք չենք հոշոտել: Ձեր խոսքերը մենք փոխանցում ենք ժողովրդին, որը լիարժեք չի տիրապետում բոլոր նրբորթյուններին: Ի վերջո՝ դուք բացատրություն եք տալիս նրանց ձեր հաղթանակի, ոչ-ոքիի կամ պարտության համար, իմ ախպերնե՜ր: Պարտվել ե՞ք՝ ոչինչ, եկեք խոսեք, բայց մի անտեսեք մեզ, մեր աշխատանքը, խնդրում եմ: 
Պինդ կացեք»,- գրել է մեկնաբանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ