«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար:
«Սիրելի´ ֆուտբոլասերներ,
Ցանկանում եմ իմ ափսոսանքի խոսքը հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Խաղի 67-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Ժոաու Վիկտորը խախտում էր խաղի կանոններն իմ նկատմամբ, ինչը հանդիպման գլխավոր մրցավարի կողմից անարձագանք մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ես ստիպված չեղա պատասխան խախտում անել։ Ես հասկանում եմ, որ մրցավարը մարդ է և կարող է սխալվել կամ ուշ արձագանքել դրվագին, բայց այս պարագայում ուշ արձագանքը վատ հետևանքներ ունեցավ։
Չեմ ցանկանում արդարացնել արարքս։ Անկախ կատարվածից, ես չպետք է նման կերպ արձագանքեի մրցավարի սուլոցին։ Սխալ էր նաև հանդերձարանի ճանապարհին և այնուհետև սոցցանցերում տեղի ունեցածը։
Հարգում եմ «Արարատի» պաշոնական ֆան ակումբի երկրպագուներին։ Ժեստը ձեզ հետ կապ չուներ։
Հայցում եմ միջադեպի մասնակիցների և բոլոր ֆուտբոլասերների ներողամտությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը որակազրկել է 6 ամսով «Արարատի» հետ խաղում մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար: