ԱԺ-ն միջոցներ կձեռնարկի աշխատավարձերի գաղտնի ընթացակարգը բացահայտելու համար. Մարուքյան

Ազգային ժողովը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի բացահայտի գաղտնի ընթացակարգը, որով պետական պաշտոնյաների աշխատավարձեր են բարձրացվել, և այն կներկայացնի հանրությանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերի բարձրացմանը, ինչի մասին գրել էր Hetq.am-ը:

Պատգամավորը նշեց, որ աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկությունը երեկվանից է տարածվել, սակայն կառավարությունից ձայն չկա. ամեն ինչի մասին խոսում են, բայց երբ կոնկրետ մեղադրանք կա իրենց հասցեին, չեն պատասխանում:

 

«Ես նայեցի ու որքանով հասկացա՝ հավելավճարներ են տվել, որը նախարարի աշխատավարձը դարձրել է 1.5 մլն դրամ»,- նշեց նա:

Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ խնդիրը ոչ թե հավելավճարներն են, այլ այն, որ դա արվել է գաղտնի.«Հետք» լրատվականի գրավոր հարցմանը նրանք պատասխանում են, որ ընթացակարգը գաղտնի է արվել: Սա խայտառակություն է. եթե մի բան անում են, պետք է անել բաց, հրապարակային»,- ասաց նա:

«Նախարարը պետք է նորմալ աշխատավարձ ստանա, եթե ուզում ենք, որ կոռումպացված չլինի: Հիմա մենք երկու ճանապարհ ունենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կա՛մ պետք է գան կառավարությունը գա խորհրդարան և փոխի այն գործակիցները, որոնցով հաշվարկվում են այդ պաշտոնյաների աշխատավարձերը, կա՛մ պարգևավճարներով վճարեն այդ աշխատավարձը. «Երկու պարագայում էլ ես կողմ եմ:

Պատգամավորը նաև շեշտեց, որ չի կարող հանրային գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել, եթե խոսքը պաշտպանական ծախսերի և ազգային անվտանգության ծախսերի մասին չէ:

Քաղաքականություն

Պատահարներ