ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հարցազրույց մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթներին. Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։ Պատասխան. Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ: Հարց. Իր հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ծագումով հայերի՝ Ադրբեջան այցելելու հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով խնդրի լուծման յուրօրինակ տարբերակ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Այն, որ հայերն Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ: Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է: |