Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա

Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ծանր վնասվածքներ ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ անփոփոխ, նրան արհեստական  շնչառության ապարատ է միացված:

 

 Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

 

Նա նշել է , որ բժիշկներն էլ դեռ չգիտեն, երբ դրական փոփոխություն կլինի, իրենք էլ ամեն օր Գյումրիից գալիս են եղբորը տեսակցության եւ հետ են վերադառնում:

 

Նշենք, որ 10 օր առաջ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը լրագրողներին հայտնել էր. «Նա դեռեւս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում, այլ ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է: Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է: Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ։ Այսօր մեր բժիշկների պնդմամբ, հնարավոր է, որ վերականգնելու պարագայում ձախ կողմը չվերականգնվի։ Հույս ունենք, որ մարմնի աջ մասը կվերականգնվի»:

 

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը ստուգելու համար:

 

Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Քաղաքականություն