ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց. Բալասանյանը՝ «Սասնա ծռեր»-ին
2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ: Այս մասին Livenews.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքազյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկեl, րոպե առաջ պատասխան են տալու»,- ասել է նա:
Բալասանյանը նշել է, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ ասել է, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. « «Ցռան Վերգոյի» տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ, եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»,- ասել է նա:
Բալասանյանը հայտարարել է նաև, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- եզրափակել է նա: