Օհանյանը ոտքի պրոթեզավորման համար կմեկնի Գերմանիա

2011 թ-ին ես ձեռք եմ բերել պրոթեզ ոտքիս համար, 11 թ-ից հետո արդեն 3 անգամ՝ 2 տարին մեկ անգամ մեկնել եմ Գերմանիա՝ պրոթեզի սպասարկման համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով նույնպես «Մարտի 1-ի» գործով մեղադրյալներից է։

 

«Սա այնպիսի պրոթեզ է, որի սպասարկում իրականացվում է միայն Գերմանիայում։ Նույնիսկ այն մասնաճյուղերը, որ ունի Գերմանիայի այդ կլինիկան Մոսկվայում, չեն կարող սպասարկում իրականացնել։ Ես մի քանի օրով կմեկնեմ և հետ կվերադառնամ։ Վաղը գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն։ Կարծում եմ, որ այն փաստաթղթերով, որ ես ներկայացրել եմ, թույլտվություն կլինի»,-ասաց Օհանյանը։

 

Անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչների կոչին՝ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, Օհանյանը նշեց, որ իր համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ։ «Կարծում եմ, կարելի է թույլ տալ, որ երկրորդ նախագահը լինի ազատության մեջ, առավել ևս, որ Քոչարյանը արդեն ցույց է տվել, որ հանգիստ կգա կներկայանա, կարծում եմ, որ եթե Քոչարյանը լինի ազատության մեջ, ոչ մի բանի չի կարողանա խոչընդոտել։

 

 Հատկապես, որ նախաքննական մարմինն իր գործը հանգիստ կատարել է, այն մարդիկ ովքեր ցուցմունքներ են տվել, նրանք իրենց ցուցմունքների տերն են։ Չեմ կարծում, որ Քոչաարյանը կարող է նրանց հետ ինչ- որ առնչություն ունենալ և ինչ-որ կերպ ազդել նրանց վրա»,-ասաց Օհանյանը։

 

Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը ինչով է ազդում 2 երկրների անվտանգությանը, ինչ սպառնալիք կարող է լինել, ինչպես նշված է վերոհիշյալ հայտարարության մեջ՝ Օհանյանը պատասխանեց՝ չգիտեմ։

 

Անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ նա նշեց, որ այն պաշտոնները, որոնք նշանակովի են՝ հրաժարականները անընդունելի են։ «Երկրում կադրային քաղաքականություն է տեղի ունենում և երկրի ղեկավարությանը պետք է հարցնել, թե ինչի համար են նշանակում կամ ազատում մարդկանց»։

 

Քաղաքականություն