Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանն ինձ, որևիցե հրաման չի տվել. Սեյրան Օհանյան

Իմ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին։

 

«Կարելի է թույլ տալ, որ ինքը լինի ազատության մեջ, առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել, որ ինքը հանգիստ, համարձակ  եկել ու ներկայացել է, ինչ պահանջներ դնում են նրա առջև՝ կատարում  է»,-ասաց նա։

 

Սեյրան Օհանյանն ասաց, թե ՀՀ երկրորդ նախագահը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել։

 

«Առավել ևս, որ նախաքննական մարմինն իր գործը կատարել է։ Այն մարդիկ, որոնք տարբեր տիպի իրադրությանը համապատասխան ցուցմունքներ են տվել, իրենք իրենց ցուցմունքների տերն են, չեմ կարծում, թե ինքը կարող  է նրանց հետ առնչություն ունենալ ու ինչ-որ կերպ ազդել»,-ասաց Ս. Օհանյանը։

 

Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված հազար զինծառայողների հետ որևիցե առնչություն չի ունեցել։

«Ես ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել՝ որպես Գլխավոր շտաբի պետ, Ռոբերտ Քոչարյանը Գլխավոր շտաբի պետին՝ ինձ, որևիցե մի ցուցում, որևիցե մի հրաման չի տվել, առավել ևս, մնացածին»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Քաղաքականություն