Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը ողջունել է կոնգրեսականի այցը Հայաստան և Արցախ ու վստահություն հայտնել, որ այս այցն էլ ավելի կամրապնդի պարոն Փալոնի կապը հայ ժողովրդի հետ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, հայկական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում: Վարչապետն անդրադարձել է նաև Կալիֆորնիա կատարած իր այցին և վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի մեր երկրի և ԱՄՆ խոշորագույն նահանգներից մեկի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Կոնգրեսական Փալոնը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներով: Նա ընդգծել է, որ շարունակելու է ակտիվ ջանքերը երկու երկրների միջև հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու, Հայաստանին և հայ ժողովրդին իր ակտիվ գործունեությամբ աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, դրա իրականացման գործում ԱՄՆ կառավարության հետ գործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: