«Ժողովուրդ». «Գեներալը չպետք է ծառայի իշխանություններին»․ Գևորգ Կոստանյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանի դասախոս Գևորգ Կոստանյանի հետ:
–Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
–Ծանոթ եմ հրաժարականի վերաբերյալ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ինքս՝ որպես արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ), շատ լավ հասկանում եմ, թե ինչ ի նկատի ունի Վանեցյանը, երբ, սպայի պատվին հղում կատարելով, մտահոգություն է հայտնում երկրի ճակատագրի մասին: Հավատացած եղեք, որ իր ամբողջ կյանքը ուսադիրների տակ անցկացրած մարդը, այն էլ ազգային անվտանգության սպան, երբեք հենց այնպես նման հայտարարություններ չի անում, պարզապես իր կարգավիճակը կաշկանդել է շատ բաների մասին խոսել հրապարակայնորեն, բայց որպես երկրի անվտանգության համար պատասխանատու անձ, զգուշացնել պարտավոր էր: Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ որպես ազգային անվտանգության սպա, ինչպես նաև ծանոթ եմ վերջին շրջանում Հայաստանի սահմաններից դուրս, որպես ԱԱԾ տնօրեն նրա ձեռք բերած հեղինակությանը՝ նաև հետախուզության և հակահետախուզության մասով:
–Ի՞նչն էր, Ձեր կարծիքով, Փաշինյանի և Վանեցյանին հռետորաբանության կոշտության պատճառը:
–Գիտեք, Հայաստանում միշտ տպավորություն է եղել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է ծառայի իշխանությանը, և այդ պատճառով եթե նման որևէ մեկը գործող իշխանությունից տարբերվող կարծիք է արտահայտել, համարվել է անընդունելի: Իհարկե, շատ կան պաշտոնյաներ, որոնք տվյալ պահի իշխանությունների քիմքին հաճելի են գործում և գնահատվում են նաև այսօր: Բայց չպետք է մոռանալ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ Հայաստանը՝ հավերժ: Պատմությունն է ցույց տալու, թե ով ինչպես էր պաշտպանում Հայաստանի շահը, ու իրականում ում ծառայությունն է օգուտ բերել Հայաստանին, իսկ ումը՝ վնասել: Իմ համոզմամբ՝ Վանեցյանը երբեք չի ծառայել որևէ իշխանության. ծառայել, ծառայում և ծառայելու է պետությանը: Եվ ընդհանրապես, գեներալը և սպան՝ կլինի բանակում, թե իրավապահ մարմիններում, պետք է ծառայի ոչ թե իշխանությանը, այլ երկրին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: