
Գրիգորյանի հիվանդությունը խորանում է և կարող է հանգեցնել մահվան. ուռուցքաբան

Ինչպես արդեն հայտնել ենք, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում էր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը միջնորդեց դատարանին, որպեսզի Մանվել Գրիգորյանին պատկանող 7 գույքը հանվի կալանքից և օգտագործելու իրավունք տրվի 3-րդ անձին՝ վարձակալության գումարները հետագայում փոխանցելու դատարանին որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում: դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ անհրաժեշտ է վկայականների, պայմանագրերի առկայություն, որպեսզի հստակություն լինի, գումարները փոխանցվեն դատարանի դեպոզիտային հաշվին:
Ըստ պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները կալանքի պայմաններում խորանում են: Պաշտպանը նշեց, որ 4 ամիս է, ինչ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական փորձաքննություն է ընթանում և այս ընթացքում իր պաշտպանյալի վիճակն ավելի է վատթարացել։
Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Ֆրանսիայից ժամանած հայտնի ուռուցքաբան Նորբերտ Ավետյանն արձանագրել է, որ այն տարածքը, որտեղ գտնվում է Գրիգորյանը, խանգարում է նրան քայլել, ինչը ազդում է նրա մկանային աշխատանքի վրա, և նրա մոտ առկա հիվանդությունները կարող են խորանալ և հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, այդ թվում մահվան։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև՝ կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։