
Ականատես որևէ անձի կողմից տվալներ չկան. դատախազությունը` Հայկ Հարությունյան գործի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Բջնիի իր առանձնատանը ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն», գրում են լրատվամիջոցները:
Ի պատասխան այս լուրի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն:
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մումուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց, այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»:
Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող:
Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ:
Տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցների կողմից է տարածվում նման ստահոդ, անբարո տեղեկատվությունը՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկելու քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին:
Հաշվի առնելով Հայկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչողություն ունեցող և կարևորագույն քրեական գործով առանցքային վկաներից մեկ լինելու հանգամանքը՝ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու նրա մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում», գրել է Գոռ Աբրահամյանը:
Տարածված նույն տեղեկատվությանը անդրադարձել է նաև ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»:
Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:
Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն: Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը: Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»: