Պետությունը 56 մլրդ դրամ դեբետային պարտքը կվերադարձնի տնտեսավարողներին
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել 2835 տնտեսավարողների:
Նախատեսվում է հետ վերադարձնել հին դեբետային մնացորդները: ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում:
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, Բաբկեն Թունյանը ևս նամակով թողել էր իր կողմ քվեարկությունը, արդյունքում նախագիծն ընդունվեց:
Քվեարկությունից առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը որոշակի մտահոգություններ էր հայտնել:
«Անցյալ նիստին տարբեր խմբակցություններից իմ գործընկերները խնդրում էին, որ հանրայնացվի այն տնտեսավարողների, առնվազն խոշոր տնտեսավարողների ցուցակը, որոնց պետք է վերադարձվեն գումարները: Սակայն դա քողարկվում է: Մենք նման բան չեմ կարող անել, պետք է իմանանք, թե բյուջեից գումարներն ում ենք վերադարձնում: Ես ունեմ տվյալներ, որ վերադարձվելիք գումարների զգալի մասը՝ մոտ 1.5 մլրդ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին սնանկության մեջ չէ: Ըստ էության, ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, ում կազմակերպությանը վերադարձնելու ենք այդ գումարները: Ես ունեմ տվյալներ, որ դա միակը չէ»,-ասաց Թանդիլյանը:
Պատգամավորը պնդեց, որ պետք է միասին կայացնեն որոշում՝ դադարեցնելու քվեարկությունը և առնվազն փակ ռեժիմով տեղեկացնել նախագծի շահառու տնտեսավարողների ցանկը: Նա պնդեց, որ տեղեկատվությունը պատգամավորներին տրվի քվեարկությունից առաջ:
Քվեարկությունից առաջ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Դրանից հետո նախագիծը քվեարկությամբ ընդունվեց:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ 20 րոպեում կարողացել են գալ հետևյալ համաձայնության.
«Առ այն, որ խորհրդարանից չի կարող լինել գաղտնի ցանկ, որով ընկերություններից տրվում է գումար: Խորհրդարանը գումար տվողն է, չի կարող չիմանալով, կուրորեն տալ այն: Սակայն մեր պահանջներին ի պատասխան ասվել է, որ դա հարկային գաղտնիք է: Պատգամավորները հույժ գաղտնի տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն, և մենք հետևողական ենք լինելու, որ այդ ցանկը ստանանք: ՊԵԿ նախագահին կհրավիրենք մեր խմբակցություն այս հարցը քննարկելու: Եվ ՊԵԿ-ի ներկայացուցիչը երաշխավորեց, որ նաև այս օրենքով սահմանված կարգով 40 մլն դրամից բարձր այն ընկերությունները, որոնք պետք է գումարը ստանան, պետք է անցնեն համապատասխան ուսումնասիրության, ինչի արդյունքում կարող են լինել նաև պատասխանատվության ենթարկելու հնարավորություններ»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ այն ընկերությունները, որոնք արտոնյալ պայմաններում ժամանակին մոնոպոլ կամ այլ դիրք են ունեցել, ինչ արդյունքում գոյացրել են այդ գումարները, չպետք է ստանան դրանք: