Սպառնում էին ԱԱԾ-ն օգտագործել մեր դեմ.«Սանիթեք»-ի տնօրենը մանրամասնում է. Tert.am

Շուրջ 1.5 տարի Երևանում աղբահանությունը լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Քաղաքապետարանը նշում է՝ սանմաքրում իրականացնող ընկերությունը պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները: «Սանիթեք» ընկերությունն էլ իր հերթին է նշում՝ ապահովված չեն իրենց գործունեության համար անհրաժեշտ պայմանները: Օրերս քաղաքապետարանը հայտարարեց՝ մի քանի օր է՝ «Սանիթեք» ընկերությունը քաղաքում ընդհանրապես չի իրականացնում աղբահանություն, ընկերությունն էլ պատասխանում է՝ քաղաքապետարանը չի վճարել 330 մլն դրամ, որի հետևանքով էլ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Ստեղծված իրավիճակի շուրջ Tert.am-ը տեսակապի միջոցով զրուցել է «Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ:

 

 

-Պարոն Թավիլ, տեղյա՞կ եք, որ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում ընկերության աղբամանների կողքին տեղադրված «Սանիթեք» աղբամանները շրջված են, ինչ եք կարծում այս մասին:

 

- Այո, ես քաջատեղյակ եմ, որ մեր աղբամանները շրջված են, և դա իսկապես ցավալի է: Դա դրսևորումն է այն բանի, թե ինչպես է քաղաքապետարանն ամիսներ շարունակ վարվում մեզ հետ: Մենք զարմացած չենք, դա արտացոլում է քաղաքապետարանի վերաբերմունքը մեր հանդեպ: 

 

-«Սանիթեք» աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց` նշելով, որ քաղաքապետարանը չի վճարել «Սանիթեք»-ին հատկացվող գումար, ինչի՞  հետևանքով աջակիցները չեն ստացել աշխատավարձերը: Սակայն Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կարգով փոխանցել է «Սանիթեքի» հասանելիք 3 միլիարդ դրամից ավելի գումարը:

 

- Նախևառաջ, 2014-ի դեկտեմբերի 1-ից՝ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից, մենք միշտ ճիշտ ժամանակին ենք մեր աշխատակիցների աշխատավարձերը վճարել: Իհարկե, եղել են ուշացումներ` կապված արձակուրդային վճարների հետ, սակայն մինչև անցյալ ամիս, երբ քաղաքապետարանն առգրավեց ավելի քան 330 մլն դրամ, աշխատավարձերը մշտապես ժամանակին են տրվել։ Նշեմ, որ քաղաքապետարանը 2015-ի օգոստոսից մինչև վերջերս մատուցած ծառայությունների համար մերժել է ընդունել մեր ուղարկած հաշիվ-ապրանքագրերը: Քաղաքապետարանը փորձում է շատ անօրինական խաղ խաղալ հանրության առաջ՝ ասելով, որ մեզնից առգրավել են միայն 9 %-ը, սակայն ընկերության ֆինանսական մենեջմենթն այդպես չի իրականացվում: Պարոն Մարությանը շատ լավ գիտի, թե որ օրերին ենք մենք աշխատավարձեր վճարում, թե ինչ այլ ծախսեր ենք անում: Ինչ վերաբերում է 9 տոկոսին, դա շատ մեծ գումար է կազմում: Մենք դեռ չենք խոսում հուլիսի աշխատավարձերի մասին, մենք միայն խոսում ենք օգոստոսի աշխատավարձերի մասին:

 

-Ըստ քաղաքապետարանի, արդեն 10 օր է ` «Սանիթեք»-ը չի իրականացնում սանմաքրում, մինչդեռ քաղաքապետարանը ընդլայնում է « Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» ընկերության հաստիքացուցակը և հորդորում է «Սանիթեք»-ի աշխատակիցներին աշխատանքի անցնել այնտեղ: Իրավիճակի հանգուցալուծումը ի՞նչ է լինելու:

 

-Առաջին հերթին, քաղաքապետարանը մինչ օրս «Սանիթեք»-ից ավելի քան 1 միլիոն դոլար է առգրավել, ինչպես նաև հաշիվ-ապրանքագրերն ու կանխիկ գումարը: Եվ հետո նրանք առգրավում են այս մեծ գումարը: Ի՞նչ են կարծում քաղաքապետը և քաղաքապետարանը, ինչպե՞ս մենք պետք է աշխատենք: Ինչպե՞ս են նրանք պատկերացնում մեր աշխատանքը, եթե առգրավում են այն ամենն, ինչ մենք ունենք: Ինչ վերաբերում է մեր աշխատակիցներին ընկերությունից տանելուն, դա նոր չի սկսվել: Մենք նույնիսկ 4-5 ամիս առաջ նամակ ենք ուղարկել Հայկ Մարությանին՝ ասելով, որ  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավարը և շատ մարդիկ քաղաքապետարանում մեր աշխատակիցների հետ գաղտնի կերպով քննարկում են աշխատանքից ազատվելու և նրանց մեզանից տանելու հարցը: Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում, միայն վերջին երեք շաբաթվա պատմություն չէ, նրանք դրան պատրաստվել են վերջին 6-7 ամսում, նրանք օգտագործել են մեզ վերջին 6-7 ամսում: Եվ դա շարունակվում է մինչև հիմա: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ապագային Հայաստանում, կասեմ ձեզ, որ մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք: Մեր հայեցակարգը շատ պարզ է, և իհարկե, մենք պատրաստվում ենք օգտագործել ցանկացած օրինական գործիք, որն ունենք՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ասպարեզում: Հավելեմ, որ շատ ցնցված եմ, թե ինչպես է քաղաքապետարանը աշխատացնում 36 մեքենա ողջ Երևանում ու դարձյալ մեծ քանակով աղբ ենք տեսնում քաղաքում: Այժմ ցանկանում եմ հարցն ուղղել քաղաքապետարանին՝ ո՞վ է վատ կատարում աշխատանքը, քաղաքապետարա՞նը, թե ՞ «Սանիթեքը»:

 

-Ստեղծված իրավիճակում քաղաքապետարանի քայլերը միտումնավոր համարո՞ւմ եք:

- Նախկինում՝ ոչ, այժմ ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա միտումնավոր է արվել: Կրկին հիշեցնեմ, որ քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ պայմանագրի չեղարկումը քաղաքական որոշում է, սա կոչվում է օտարում/սեփականազրկում: Եվ երբ բազմաթիվ կառավարական պաշտոնյաներ ասում են, որ կոռուպցիոն սխեմաներ կան «Սանիթեք»-ում և որ ես կապ ունեմ նախկին կառավարության հետ և նման բաներ, նրանք այդ մասին խոսում են արդեն մեկուկես տարի, կցանկանայի տեսնել որևէ փաստաթուղթ, որևէ ապացույց, որ մեզ մոտ կոռուպցիա կա: Այս ամենը սուտ է և մանիպուլյացիա է՝ ուղղված հանրության դեմ:

 

 

Տեսանյութը Tert.am-ի: